«Դրախտ» ռեստորանում թունավորումից 4 անձանց մահվան գործը դատարանում է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 4-ին կշարունակվի սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, ամբաստանյալի աթոռին է հայտնվել Ս. Թորոսյանը:

Նրան «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի օգոստոսի 31-ից՝ աշխատելով «Օշին» ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն և հիշյալ ընկերությանը պատկանող Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում զբաղվելով հանրային սննդի սպասարկմամբ` մատուցել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որն անզգուշությամբ առաջացրել է 4 անձանց մահ»:

Նախկինում չդատապարտված Ս. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների` անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը, որն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա):

Մ. Վասակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործին որպես իրեղեն ապացույց կցված են իրեղեն ապացույց ճանաչված ԼՄ Ամրակից գյուղում Սարգիս Ղարաքեշիշյանի անվամբ հաշվառված շինության գազաֆիկացման կատարողական տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, «Օշին» ՍՊԸ-ի կանոնադրությունը և կանոնագիրքը:

Նախագահող դատավորը Նարինե Հովակիմյանն է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեսանյութեր

Լրահոս