Ավետիսյանի ընկերները կալանավայրի մոտ նրան աջակցող ակցիա անցկացրին (տեսանյութ)
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ավելի քան մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համախոհներն ու ընկերները այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին եկել՝ աջակցելու ճաղերի ետևում գտնվող ընկերոջը։
Ավետիսյանի նկարով պաստառն ու եռագույն դրոշները վեր պահած նրանք բարձրախոսի միջոցով դիմեցին անազատության մեջ գտնվող ազատամարտիկին. «Վոլոդյա Ավետիսյանի դեպքը անցնում էր բոլոր սահմանները։ Մի մարդը, ով Արցախի ազատամարտի հերոս է, մի մարդ, ով կարողացել է ազատագրել Քարվաճառը և ամբողջ իր գիտակից կյանքը նվիրել է հայոց պետականությանը, այսօր գտնվում է այս պատերի ետևում՝ միայն մի բանի համար, որ ասել է՝ Հայաստանը և Արցախը ազատագրած ազատամարտիկը իրավունք ունի իր իսկ ազատագրած երկրում ապրի արժանապատիվ»։
Իշխանություններն քննադատության արժանացան ոչ միայն ազատամարտիկի դեմ, ինչպես նա ու նրա ընկերներն են հայտարարում, շինծու մեղադրանք առաջադրելու, այլև մարդկանց սոցիալական վատ պայմանների մեջ գցելու համար։
«Հեռուստատեսությամբ տեսա, որ Հայաստանի կառավարությունում վարչապետի հրավիրած բրիֆինգի ժամանակ բոլոր նախարարները և գերատեսչական մարմինների ղեկավարները հագել էին դաշտային համազգեստ։ Հասկացա, որ ոնց որ իրենք էլ են ազատամարտիկ։ Բայց մի քանի օր առաջ տեսանք, որ իրենց աշխատավարձերը բարձրացեն, իրենց երևի թվաց, թե մենք պայքարում ենք իրենց համար։ Վոլոդյա Ավետիսյանը նկատի չուներ իրենց՝ որպես ազատամարտիկ, այսօր փաստ է, որ մենք բոլորս գտնվում ենք բյուջեից դուրս»,- ասում էր ղարաբաղյան պատերազմի վետերաններից մեկը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: