Բաժիններ՝

Մարզպետները՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն:

Նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ փոխվարչապետն ու մարզպետները շրջեց կատարեցին  Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այցելեցին հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն, ԱԻՆ պոլիկլինիկա, եղան ժամանակակից սարքավորումներով ու ծրագրերով հագեցած ճգնաժամային կառավարման կենտրոնում  եւ 911 ծառայությունում, ծանոթացան  պայմաններին, աշխատանքի  սկզբունքներին:

Նախարար Երիցյանը ներկայացրեց ծառայության հնարավորությունները` նշելով, որ շուրջօրյա սպասարկվում են արտակարգ իրավիճակների եւ սոցիալ-կենցաղային բնույթի ահազանգները, կազմակերպվում է ուժերի եւ միջոցների` օպերատիվ ու ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում:

Տեղում քննարկվեցին ԱԻ նախարարության եւ մարզպետարանների միջեւ արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների ժամանակ համագործակցության հետ կապված հարցեր:

Շրջայցից հետո տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին  համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Զեկուցվեց, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2013թ. տասը ամիսների կտրվածքով կազմել է 93,4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 6,4 տոկոս է: Փոխվարչապետը մեկ անգամ եւս մարզպետների ուշադրությունը հրավիրեց մասնավորապես հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա, որը կազմել է 88,1 տոկոս: Նկատելով, որ քիչ ժամանակ է մնացել տարվա ավարտին` փոխվարչապետն  ընդգծեց հարկային պարտավորությունները լիարժեք կատարելու եւ ապառքներ չկուտակելու անհրաժեշտությունը:

Զեկուցվեց նաեւ 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման ծրագրերի ընթացքը, քննարկվեցին մի շարք այլ հարցեր:

 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս