Բաժիններ՝

Տավուշում սողանքից անտուն մնացած գյուղացիները գիշերում են մեքենայում. ո՞ւր է նրանց համար հատկացված գումարը (տեսանյութ)

Արդեն մի քանի տարի է, ինչ Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը տուն չունի: Նրա տունը սողանքի հետեւանքով նախորդ տարի ճանաչվել է 5-րդ կարգի վթարային շինություն եւ այլեւս բնակության համար պիտանի չէ: Տարիներն անցնում են, բայց Աշոտ Սիմոնյանի տան հարցը մնում է օդից կախված:

yerkirmedia.am-ի փոխանցմամբ` անդառնալի հետեւանքներից խուսափելու համար, նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հորդորով՝ Աշոտը դուրս է եկել տանից ու հայտնվել փողոցում: Սակայն գյուղապետի միջամտությամբ Աշոտը երեք տարի բնակվել է իրենց համագյուղացի Սուսաննա Պետրոսյանի տանը:

«Մի քանի անգամ մենք ուզում էինք տունը վաճառաել, բայց խղճացինք իրենց, իրենք տուն չունեն: Մտածեցինք թող մի քիչ էլ ապրեն գոնե գյուղապետը դրա մասին կմատածի, մի ելք կգտնի»,- ասել է Սուսաննա Պետրոսյանը։

Երեք տարի անց էլ ոչ մի ելք չգտնվեց ստեղծված իրավիճակը շտկելու համար: Սուսաննան էլ ասում է` այլեւս չեն կարող տունը հարեւաններին տալ:

«Հնարավորություն չունենք, մեծ ընտանիք ենք. Հարսս, տղաս, երեխեքը, ամուսինս տեղ չունենք, սա մեր հորական տունն ա, մենք պիտի ապրենք ստեղ»,- ասել է  նա:

Աշոտը հարեւաններին հասկանում է. «Մարդիկ իրենց տունն ինձ են տվել, հիմա իրենք էլ տան կարիք ունեն: Ի՞նչ անեն: Ես ստիպված իրերս հավաքում եմ, բայց թե ուր եմ գնալու չգիտեմ, որ գնամ էդ տունը, ընտանիքս մնալու ա փլատակների տակ»:

Աշոտի որդին ժամկետային զինծառայող է: Դուստրն ամուսնացել է: Իսկ ինքը կնոջ հետ, արդեն երեք օր է, ինչ գլխին տանիք չունի: Գիշերում են բակում կայանած բեռնատարի մեջ:

«Իմ հարեւանն ա, նրա նման էլի մարդիկ կան, բայց իրա վիճակը շատ վատ ա: Տան եղած չեղածը բարձել ա մեքենայի մեջ ու մնացել ա դրսում»,- ասում է հարեւանը:

Աշոտ Սիմոնյանի հավաստմամբ, ինքը բազմիցս դիմել է տեղական իշխանություններին, նույնիսկ նամակ է ուղարկել վարչապետին, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չի եղել:

«Ոնց որ մեկը-մեկին պաս տա, սպասեք, հա՝ սպասեք: Որտե՞ղ սպասեմ: Ինձ անցյալ տարի դեկտեմբերին բանավոր ասեցին, որ կառավարությունն իմ տան համար որոշում է ընդունել: Հիմա էլ ասում են՝ քո հարցը կքննարկենք ապրիլ ամսին»:

Մանրամասները և տեսանյութը` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս