
Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպումներ է ունեցել

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ աշխատանքային այց է կատարել Բեռլին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, այցելության շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել իր գերմանացի գործընկերոջ՝ Գիդո Վեստերվելեի հետ։
Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ երկու երկրները գերազանց փոխհարաբերություններ ունեն, և ընդգծել, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: «Գերմանիան որպես իրական բարեկամ շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը», – հայտարարել է Վեստերվելեն։
Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների միջև հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում գործակցությունը։
Նախարարները վստահություն են հայտնել, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն։
Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Նախարարներն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկել Վիլնյուսի գագաթնաժողովին առնչվող հարցեր, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։