ՀԱԿ պատգամավորը առողջապահության նախարարին խորհուրդ տվեց վերահսկել կոռուպցիոն ռիսկերը

2014 թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց,  որ հաջորդ տարի իրենք շարունակվելու են համակարգային բարեփոխումները` ուղղված համակարգի արդյունավետութան բարձրացմանը, ինչպես նաև բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործանը: Նախարարի խոսքով՝  շարունակվելու են հիվանդանոցային պահանջների հզորացման ծրագրերը: Նա հայտնեց, որ 2014 թվականին նախաձեռնելու են պետվատվերի ֆիանսավորումն արդյունավետ կիրառելու համար ներդնել նոր կարգ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ թեև նախարարը շատ գեղեցիկ խոսեց, բայց նկատեց, որ ամեն ինչ չէ, որ այդքան գեղեցիկ է ու հուսադրող առողջապահության ոլորտում: «Ամեն ինչ շատ գեղեցիկ էր ներկայացված, բայց բազմաթիվ փաստեր ունեմ, որոնք հուսադրող չեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է առողջապահական սոցիալական փաթեթին: Չեմ կարողանում հասկանալ, եթե 8 միլիարդ է հատկացված այդ փաթեթին, ինչո՞ւ է 800 միլիոն օգտագործվել, ո՞ւմ է պետք սոցիալական փաթեթը, չե՞ք կարծում, որ մասնավոր առողջպահական գործակալությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում»,- հարցրեց Լ. Սարգսյանը:

Ի պատասխան՝ նախարարն ասաց, թե իրենք ամենայն պատասխանատվությամբ ծրագրեր են իրականացնելու. «Մեր անմիջական հսկողության ներքո է լինելու ծրագիրը, ինչ վերաբերում է սոցիալական փաթեթին, կարող եմ ասել, որ նախորդ տարվա վեց ամիսների համեմատ մուտքերը երեք անգամ ավելացել են: Կարծում եմ, որ վճարման այս համակարգը ներդնելուց հետո մարդիկ պատրաստ չեն այս համակարգից օգտվելու. մարդկանց մոտ դեռևս այդ մշակույթը չի ձևավորվել»:

ՀԱԿ պատգամավորը չհամաձայնեց նախարարի տեսակետի հետ՝ շեշտելով, թե  բազմաթիվ փաստարկներ կան այն մասին, որ մարդիկ դիմում են պետատվերի համակարգով բուժում ստանալու համար, բայց մերժվում են պատճառաբանությամբ, թե բյուջեից հատկացումները սպառված են: Պատգամավորը խորհուրդ տվեց նաև նախարարին հսկել կոռուպցիոն ռիսկերը:

Տեսանյութեր

Լրահոս