«ՄՄ մտնելը լավ է նրանով, որ Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է եղել ժամանակին». ԲՀԿ-ական պատգամավոր
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության որոշումը «ճիշտ էր»։ Այս մասին այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը։ «Մաքսային միությունը մտնելը լավ է նրանով, որ Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է եղել ժամանակին, տարիներ շարունակ շփվել ենք, հարաբերությունները միշտ նորմալ են եղել։ Եվրամիությանն ինտեգրվելու խնդիրը նույնպես կարելի է նայել, այնտեղ էլ լավ կողմեր կան, բայց ոչ բոլորը: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչը կարելի է չվերցնել, ինչը կարելի է վերցնել… Այնպես որ, և այնտեղ կա լավը, և այնտեղ»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը: Վիլնյուսյան գագաթնաժողովի սպասելիքների մասին, որին ներկա է լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ական պատգամավորը նախընտրեց չխոսել՝ պատճառաբանելով, թե չի կարող ասել՝ նախագահը պե՞տք է մասնակցի համաժողովին, թե՞ ոչ. «Դա իմ խնդիրը չէ»,-շեշտեց նա՝ ավելացնելով, որ հանրապետության նախագահն ինքն է որոշում իր անելիքները։ «Ամենալավ բժիշկը ժամանակն է, ուստի պետք է ժամանակը ցույց կտա»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։