Իշխանությունն առաջարկում է վերանայել նախագահի թեկնածուների առաջադրման պայմանները

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանն ասել է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ուղարկել մի փաթեթ, որում ներառված է նաև 2011 թվականի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի) համատեղ առաջարկները:

Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայմանը: Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում Հայաստանում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Սակայն ինչպես տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դեռևս երկու տարի առաջ առաջարկել են վերանայել նախագահ թեկնածուների համար և՛ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում բնակվելու, և՛ վերջին տասը տարում Հայաստանի քաղաքացի լինելու պարտադիր պահանջը՝ համարելով, որ այն անհամաչափ է: Ցանկություն կա իջեցնել այդ շեմը: Հաշվի առնելով, որ այդ վերանայումը կարող է կատարվել միայն Սահմանադրության փոփոխությամբ, հետևաբար Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը առաջարկել է Սահմանադրական հանձնաժողովին քննարկել նաև այս հարցը:

Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանից լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանի իշխանությունները իրականում չեն գնո՞ւմ այդ քայլին, որպեսզի 2018-ի նախագահական ընտրություններում ապահովեն կոնկրետ անձանց ընտրվելու հնարավորությունը։

Կարդացեք նաև

«Ոչ մի ներքաղաքական խնդիր չկա։ Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչու նման պահանջ ներկայացված, ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին բացել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը 2011 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ Այնտեղ դուք կտեսնեք, որ նրանք այդ հարցը բարձրացնում են, և հասկանալով, որ խնդիրը սահմանադրական արգելքի մասին է, միևնույն է՝ նշում են, որ եվրոպական վերջին նորմատիվներին, նման պահանջ, ըստ եվրոպական նորմատիվների, չպետք է լինի։ Եվ բնականաբար, եթե կա եվրոպական նոր մոտեցում, մենք, իհարկե, պետք է սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հաշվի նստենք այդ իրողության հետ: Դա չի նշանակում, որ մենք պետք է 100 տոկոսով ընդունենք այդ պահանջը, բայց դա քննարկման առարկա չդարձնելը կլիներ շատ տարօրինակ»,- ասել է Դավիթ Հարությունյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս