Արգիշտի Կիվիրյանը կոչ է արել ավելի կոշտ պայքար մղել ուղեվարձի հնարավոր թանկացումների դեմ
«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները բոլոր մտահոգ քաղաքացիների հետ միասին մտադիր են ստեղծել հանրային հանձնաժողով, որը կզբաղվի տրանսպորտի խնդիրներով եւ կպաշտպանի քաղաքացիների շահերը: Այս մասին, ըստ News.am-ի` ակտիվիստները հայտարարել են այսօր Մաշտոցի պուրակում կայացած քննարկման ժամանակ:
Շարժման մասնակիցներից տնտեսագետ Դավիթ Գեւորգյանը ներկայացրել է միկրոավտոբուսների մեկ ուղեւորի փոխադրման սակագնի իր հաշվարկը: Կայքի թղթակից հետ զրույցում տնտեսագետն ասել է, որ, ըստ իր հաշվարկների, ուղեվարձի թանկացումը անհիմն է, եւ որ 100 դրամ ուղեվարձն էլ բավական է տրանսպորտի համակարգում էական փոփոխություններ կատարելու համար:
Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը մարդկանց կոչ է արել միասնական լինել, ավելի կոշտ պայքար մղել ուղեվարձի հնարավոր թանկացումների դեմ, որպեսզի նախկին «կիսատ հաղթանակը» կարողանան ավարտին հասցնել. «Պետք է հիշենք, որ առաջին փուլում ուղեվարձի հետ կապված հաղթանակը եղավ հենց փողոցներում. այստեղ ստեղծվեց մի կոլապսային իրավիճակ, իշխանությունը հասկացավ, որ ինքը այդ հարյուր դրամն էլ չի հավաքի, էլ ուր մնաց 150 կամ 200, եւ նահանջեց: Մեր խնդիրը պետք է լինի այդ ալիքի բարձրացումը, միմիայն այդ ալիքն է ընդունակ կոտրել Երեւանի քաղաքապետարանի այդ բթամտությունը, որ վերջապես հասկանան, որ ժողովրդի հետ չի կարելի կատակ անել»:
Կարդացեք սկզբնաղբյուր կայքում: