Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։
Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրել է ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։
«Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը»,- ասել է ԵԽ Նախարարների կոմիտի նախագահը։
Անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին տեղեկացրեց հոկտեմբերի 21-22-ը Երևանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ «Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ համընդհանուր արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձավ հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեցլ է, որ Նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբաթում և Թունիսում։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։
Նա շեշտել է, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը։
Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրեց Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների և դրանց արդյունքների մասին, անդրադարձավ Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։