«Ժառանգությունը» վերահաշվարկի պահանջ չի ներկայացրել
Թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ժամանակ ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակվել են հանձնաժողովի անդամներ բոլոր 76 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Քվեարկության օրը նշված անձանցից որևէ մեկը չի բացակայել:
Պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը (ՀՀԿ) ունեցել է վստահված անձ թվով 68 ընտրական տեղամասերում, իսկ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը («Ժառանգություն» կուսակցություն)՝ թվով 27 ընտրական տեղամասերում:
ԿԸՀ մամուլի ծառայությունից «Փաստինֆոյին» տեղեկացրել են, որ թվով 76 ընտրական տեղամասերից միայն մեկ տեղամասի գրանցամատյանում է կատարվել մեկ գրառում խախտման մասին, որը մեջբերվում է տառացի. «Ընտրատեղամասում ընտրությունն անցավ խաղաղ ու թափանցիկ: Ընտրատարածքում մինչև 50մ-ի վրա ներքին կարգով «աշխատում» էին հատուկ երիտասարդներ, որոնց աշխատանքն անդրադարձավ ընտրության արդյունքի վրա»:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ներկա անդամները ստորագրել են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Թվով 76 ընտրական տեղամասերից միայն երկուսում են հանձնաժողովի մեկական անդամներ նշում կատարել հատուկ կարծիք ունենալու մասին՝ չներկայացնելով որևէ հատուկ կարծիք կամ վերահաշվարկի մասին դիմում:
Թվով 76 ընտրական տեղամասերից 62 ընտրական տեղամասերի գրանցամատյաններում են կատարվել գրառումներ` քվեարկողին օգնող անձանց վերաբերյալ, և, ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է 397 քաղաքացիների:
Ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում ստացվել է մեկ դիմում Ս. Հայրապետյանի լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանի կողմից: