Չինացի պատգամավորների «իշխանափոխությունը» Հայաստանում

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նստել էր այն աթոռին, որը նախատեսված է հանրապետության նախագահի համար: Շատերը դրա մեջ  որոշակի  ենթատեքստ են տեսել. Հերմինե Նաղդալյանը հավակնում է Հանրապետության նախագահի պաշտոնին, և այդ աթոռին նստելով՝ փորձում է ի ցույց դնել իր հավակնությունները:
Դեպքից անմիջապես հետո ԱԺ աշխատակազմն իսկական հետաքննություն էր սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է ԱԺ փոխանախագահի և Հանրապետության նախագահի աթոռների փոխատեղում կատարվել: ԱԺ նախագահի և Հանրապետության նախագահի համար նախատեսված աթոռները մի փոքր մեծ են ԱԺ փոխնախագահների համար նախատեսվածներից, իսկ աթոռների գլխավերևի մասը ոսկեզօծ է:

Սկզբում կասկածել են, որ դա կարող են արած լինել հավաքարարները, ովքեր Նիստերի դահլիճը մաքրելու ժամանակ կարող էին  պատահաբար փոխել աթոռների դասավորությունը: Բայց հետո պարզվել է, որ ներհայաստանյան քաղաքական ինտրիգի մեղավորը չինացի պատգամավորներն են: Սեպտեմբերի 23-ին ԱԺ են այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ներկայացուցիչների Համաչինական ժողովի Իրավաբանական հանձնաժողովի պատվիրակության անդամները՝ հանձնաժողովի նախագահ Սուն Բաոշուի գլխավորությամբ: ԱԺ-ում նրանք հանդիպել են ԱԺ նախագահի, ինչպես նաև Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամների հետ: Ծանոթացել են Նիստերի դահլիճին և այնտեղ լուսանկարվել: Այդ ժամանակ էլ չինացի պատգամավորների մտքով անցել է փոխել աթոռներ դասավորությունը, որը հետագայում չի ուղղվել:

Այսպիսով, չինացիները Հայաստանում «իշխանափոխություն» են իրականացրել՝ նախագահի աթոռին «նստեցնելով» ԱԺ փոխնախագահին: Չինաստանն այսօր աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն է՝ գերտերություն դառնալու հավակնություններով: Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ չինացի պատգամավորները փորձել են խառնվել մեր երկրի ներքաղաքական կյանքին՝ փորձելով փոխել իշխանության կառուցվածքը: Հույս ունենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես կգա նոտայով՝ դատապարտելով չինացի պատգամավորների՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին այդքան ուղղակիորեն  միջամտելու չարամիտ փորձը:

Տեսանյութեր

Լրահոս