Բաժիններ՝

Փորձաքննությունների ազգային բյուրոն գործարար Է.Խուդյանի ընկերության սնանկացման գործով եզրակացությունը կտա մինչև դեկտեմբերի 20-ը

Դեռ 2012 թվականի սկբից ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյում մեկնարկած, սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանակցման վերաբերյալ քրեական գործով փորձաքննությունն այդպես էլ չի մոտենում ավարտին: Թեև փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Վասիլ Առուստամյանը դեռ 3 ամիս առաջ մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ հնարավորինս սեղմ ժամկետում կավարտեն փորձաքննությունը, Փորձաքննությունների ազգային բյուրոն հիմա էլ մինչև 2013 թվականի դեկտեմբեր է հասցնում այդ «սեղմ» ժամկետը: Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությունը նման բովանդակության պաշտոնական պատասխան օրեր առաջ ստացավ ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյից: Իսկ պատասխանում մասնավորապես նշված է. ««Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության վերաբերյալ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության կատարումը գտնվում է ընթացքի մեջ: Այն գտնվում է նախաձեռնողի կողմից, սույն համալիր փորձաքննությանը պարբերաբար տրամադրված փաստաթղթերում արտացոլված տվյալների ուսումնասիրման փուլում: Համալիր փորձաքննությունն ավարտին հասնելու համար անհրաժեշտ է որպեսզի նախաձեռնողը (քննիչը) փորձաքննության կատարմանը տրամադրի փորձագետների միջնորդություններում պահանջված փաստաթղթերը ամբողջությամբ, որոնց ուսումնասիրությունից հետո, փորձագետ շինարարները և ապրանքագետները հնարավորություն կունենան հետազոտվող  ժամանակաշրջանում կատարելու տեղատեսություն: Անհրաժեշտ է նաև համախառն եկամտի և դրանից նվազեցման ենթակա ծախսերի հաշվարկման և հաշվառման հետ առընչություն ունեցող անձանց հարցաքննության միջոցով ձեռք բերված ելակետային տվյալները տրամադրել փորձաքննության կատարմանը, որը ըստ քննիչի կտրամադրվի 2013թ. հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին: Վերոգրյալ փաստաթղթերը և հարցաքննության միջոցով ձեռք բերված (ելակետային տվյալներ) տեղեկությունները ներկայացնելուց հետո, շուրջ երկու ամսվա ընթացքում հնարավոր կլինի շենքերում իրականացնել տեղատեսություն և չափագրում` փորձագետին առաջադրված հարցերի շրջանակներում: Հիշյալ գործողությունները կատարելուց հետո նոր միայն փորձագետները հնարավորություն կունենան հավաքագրված տվյալները ` հաշվապահական ու հարկային հաշվառման և տնտեսագիտական, ինչպես նա և շինարարական ու ապրանքագիտական ոլորտներում գործող և սույն համալիր փորձաքննությանն առաջադրված հարցերին վերաբերվող նորմատիվ ակտերի շրջանակներում ենթարկել համալիր վերլուծության, որը հնարավորություն կընձեռնի ավարտին  հասցնելու սույն փորձաքննությունը: Շարադրվածից երևում է, որ վերջնական արդյունքում փորձագետի միջնորդություններով պահանջված փաստաթղթերի տրամադրման պայմաններում, փորձագիտական եզրակացությունը կտրվի մինչ և 2013 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում»:

Այսինքն՝ բյուրոյի պաշտոնական պատասխանից կարելի է հասկանալ, որ նախաձեռնող մարմինը, այսինքն՝ ՊԵԿ քննչական վարչությունը ի դեմս քննիչ Տիգրան Հարությունյանի, դեռևս բյուրոյին չի տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նյութերը, որոնք ի դեպ բյուրո պետք է փոխանցվեին դեռ 4 ամիս առաջ: Համենայն դեպս այս մասին դեռ 4 ամիս առաջ մեզ տրված հարցազրույցում ասում էր բյուրոյի փորձագետ Վասիլ Առուստամյանը: Մեջբերենք Առուստամյանի դեռ հետ 4 ամիս առաջ մեր ունեցած զրույցից մի հատված. «Հարկային գործի հետ կապված ամեն բան ուսումնասիրված է և առկա է բազայում: Այս պահին ինձ առաջին հերթին հետաքրքրում է, թե քանի տուժած քաղաքացի կա, յուրաքանչյուրից ինչքան գումար է վերցվել, և այդ հատկացված գումարները պետք է համեմատվեն մեզ մոտ ուսումնասիրված հարկային գործում առկա տվյալների հետ և տեսնենք լրիվությամբ իրենց հաշվետվություններում ցույց են տվել ամեն բան, թե ոչ: Քննիչը ինձ պետք է տա ինֆորմացիա այն մասին, թե քննությամբ պարզվել է, որ այսքան քաղաքացիներ, այսքան գումար են տվել շենքին: Մենք  արդեն միջնորդություն ենք գրել քննիչ Արամ Գրիգորյանին` քրեական գործի պահանջի վերաբերյալ, իհարկե նա զուգահեռ քննություն է տանում, սակայն այդ գործից մեզ հետաքրքիր է տուժած գնորդների մասը, ինչպես նաև մասնագիտական շինարարական մի քանի հարցեր կան»,- ասում էր բյուրոյի փորձագետը:

Այս խոսակցությունից անցել է արդեն 4 ամիս,և, փաստորեն, այսօր էլ պարզվում է, որ ներկա քննիչ Տիգրան Հարությունյանը դեռևս չի տրամադրել բյուրոյին այն փաստաթղթերը, որոնք անհարաժեշտ են փորձաքննությունն ավարտին հասցնելու համար: Իսկ թե այս դեպքում ինչ ընթացք է տրվել մինչ օրս փորձաքննությանը և ինչ փուլում է այն դեռևս գտնվում, կանխատեսելի է: Ամեն դեպքում այն ավարտին հասցնելու և վերջապես փորձագիտական եզրակացություն տալու ժամկետը հիմա էլ մինչև դեկտեմբերի 20-ն են հասցնում:

Կարծում ենք այս պարագայում ավելորդ չի լինի հիշեցնել, որ դեռևս 2012 թվականի նոյեմբեր ամսին սփյուռքահայ գործարարի տուժող ճանաչվելու հայցով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայացած վերջին դատավարությանը Գլխավոր դատախազության ավագ դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարում էր, որ ՊԵԿ քննչական վարչությունում խուդյանի ընկերության սնանկացման փաստով հարուցված քր. գործով նախաքննությունը իրականում «ընթանում է»… իսկ դրա դանդաղումն էլ պայմանավորում էր … համալիր փորձաքննության եզրակացության պատրաստ չլինելով: «Միայն եզրակացության պատրաստ լինելուց հետո հնարավոր կլինի գործում կասկածյալ կամ մեղադրյալ ունենալ, կամ գուցե եղած հոդվածներին ևս մի քանիսը ավելացնել»,- ասում էր դատախազը, ով ի դեպ պնդում էր, թե Փորձաքննությունների ազգային բյուրոն փորձաքննությունը սկսել է դեռ 2012 թվական հոկտեմբերի 18-ին: Մինչդեռ Փորձաքննությունների ազգային բյուրոն էլ հետագայում պնդում էր, 2013 թվականի հունվարին է միայն գործը մուտք եղել իրենց մոտ:

Թե որն է այս պարագայում ամերիկահայ գործարարի հիմնադրած ընկերության սնանկության վերաբերյալ հարուցված քրեական գործի բացահայտումը արհեսատկանորեն ձգձգող մարմինը՝ միայն ենթադրել կարելի է: Հիշեցնենք միայն, որ այս պահին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի քննչական ծառայությունում քննվող «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության վերաբերյալ հարուցված քրեական գործով, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի քննչական վարչության ավագ քննիչ` Տիգրան Հարությունյանի կողմից 18.10.2012թ.-ին նշանակվել է դատահաշվապահական, ֆինանսատնտեսագիտական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որն ավարտին, փաստորեն, կարող է հասնել, եթե ինքը քննիչը փոխանցի այն բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք էլ պետք են փորձաքննությանը: Բյուրոյից մեզ տրվախ շատոնական պատասխանում նաև նշում են. «Ելնելով Ձեր պահանջած տեղեկություններից հայտնում ենք, որ սույն քրեական գործում առկա ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված տվյալները անհրաժեշտ է ճշգրտել նախաքննությամբ ձեռք բերված տվլաների միջոցով: Նշված գործընթացը սույն համալիր փորձաքննությամբ հնարավոր է իրականացնել քննիչի կողմից հարցաքննությունների միջոցով, զուտ ակտիվների հաշվարկման բազային վերաբերվող համապատասխան տվյալների ձեռք բերման և դրանք փորձաքննությանը տրամադրման դեպքում: Նշվածը նախաձեռնողի կողմից, ըստ վերջինիս, փորձաքննությանը կտրամադրվի 2013թ. հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին»:

Այս պահին մենք գրեթե նույն հարցերով դիմել ենք ՊԵԿ քննչական վարչությանը և սպասում ենք նաև նրանց պաշտոնական պատասխանին: Գուցե այդ ժամանակ հնարավոր լինի հասկանալ, ով է իրական ձգձգողը և ամերիկահայ գործարարի հիմնադրած ընկերության սնանկացման գործի բացահայտման իրական խոչընդոտողը: Կամ էլ՝ որ պետական մարմինն է այս պարագայում ուղղակի անգործություն դրսևորում:

Հարգանքներով՝ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս