Գևորգ Կոստանյանը` Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին

ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նախ նա անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ասելով, թե այն մարդիկ, ովքեր «մտահոգվում են, թե ինչո՞ւ եմ ամբիոնից խոսում, հարց տալիս, հնարավորություն կունենան հաղթահարելու այդ փորձությունը»:

«Պարոն Աբրահամյան, ցավոք ես հաճախ ստիպված եմ հարցեր բարձրացրել Ձեր նախագահի, Ձեր կառավարության թույլ տված ապօրինությունները բացահայտելու համար: Մեղադրանքների  մի մասը դատախազական կարգավիճակ չունեն, բայց լուրջ պոտենցիալ ունեն դառնալու այդպիսին»,- անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի քիչ առաջ կատարած հայտարարությանը ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա Ն. Փաշինյանն անդրադարձավ Սյունիիք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին: «Ըստ տեսանյութի՝ կա մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է այն մարդկանց խմբի հետևից, որի մեջ են Տիգրան Խաչատրյանը, Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը: 23.08.04 պահին մեկը ձայն է  տալիս, ասում է՝ Ավետ, և նա հետ է դառնում ու ստանում է վնասվածքը, որը քրեական գործում հիշատակվում է թիվ մեկ վնասվածք: Խնդիրըը հետևյալն է՝ Դուք եկել եք այն կանխավարկածին, որ թիվ մեկ վնասվածքը կատարվել են Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդի կողմից: Բայց դատաբժշկական փոձաքննությամբ արձանագրվել է, որ թիվ մեկ վնասվածքն ունի վերևից ներքև ուղղություն, իսկ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդը գտնվել են Ավտեիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա և չէին կարող կրակել վերևից ներքև: Մանավանդ փորձաքննությունն էլ չի հաստատել սա»,- հետաքրքվեց ՀԱԿ պատգամավորը:

Գևորգ Կոստանյանն էլ հաստատեց, թե «այո, տեսագրության մեջ երևում է, որ Ավետիք Բուդաղյանը հետևում է այդ խմբին: Բայց կարծում եմ՝ պետք է նայել նաև 23.02.02 վայրկյանը, երբ նա մեքենայով կանգնած է, ժամանում է Արտակ Բուդաղյանի մեքենան, ով միանգամից դուրս է գալիս զենը ձեռքին: Արդեն Բուդաղյանի հետ ամբողջ խումբը ուղղորդվում է դեպի Արտակը: Թե ով է ում ուղղորդում, հաջորդում, դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ բոլորը հանկարծակի եկած զենքով անձի վարքագծից, իրենց վարքագիծը սկսում են կազմել համապատասխանաբար: Ապա Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդը դրանից հետո  գնում են ու վերցնում են զենքը, սա երևում է տեսանյութում: Դեպքերի հաջորդակությունը հստակ ֆիքսված է, և չեմ կարծում, որ տարակարծություն կա այս հարցում»:

Կոստանյանն ասաց, թե թիվ մեկ վնասվածքը պայմանական համարակալում է և փորձագետների խոսքով, այն եղել է վերջինը, որովհետև ենթադրվում է, որ տուժողը դրանից հետո ակտիվ գործողություններ իրականացնել չէր կարող: Գլխավոր դատախազի թեկնածուն հորդորեց՝ ֆիքսել. «Անկախ նրանից, հասարակության որոշակի հատված, որոշակի անհատներ, այդ թվում ես, ինչպես են վերաբերում այս կամ այն դեպքին, անձին, դա չի կարող ազդել քրեական գործով որոշումներ կայացնելու վրա, որովհետև անընդունելի կլիներ կայացնել  որոշում հասարակության հմակրանքը կամ հակակրանքը հաշվի առնելով: Իմ որոշումը  կարող է դատական կարգով բողոքարկվել»:

Ն. Փաշինյանն էլ հակադարձեց. «23.08.04 վայրկյանին ինչ-որ մեկը կանչում է Ավետիք Բուդաղանին, ով հետ է դառնում ու ստանում մահացու թիվ մեկ վնասվածքը: Դուք ճշտե՞լ եք՝ ո՞վ է կանչի հեղինակը: Մեծ է հավանականությունը, որ կանչի հեղինակը մի անձ է, որ դուրս է բերվել քրեական գործի շրջանակներից»:

Գևորգ Կոստանյան էլ պատասխանեց, թե ճիշտ չէ թիվ մեկ վնասվածքը կապել վերջին կրակոցի հետ. «Կանչից հետո մենք ունենք կրակոց: Վերևից ներքև վերջին վնասվածքն է՝ տարբերեք դա վերջին կրակոցից, որովհետև վնասվածքից հետո էլ վերջին կրակոց կա: Դուք խոսում եք վերջին կարկոցի մասին, ես վերջին վնասվածքի: Խնդիրը դա չէ, ով է կանչել, ով չի կանչել: Մենք միանշանակ ունենք` ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են կրակել, ով է տուժել, քանի զենք է գործադրվել: Ով է էնտեղ գոռացել, դա հարցի ութերորդ կողմն է, իրավական գնահատականի հետ կապ չունի»:

Նա հավելեց, որ փորձագետը ի վիճակի չի եղել ասել՝ վնասվածքը եղել է կրակոցի արդյունքո՞ւմ, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս