Հովհաննես Սահակյան. Այս համաներումը ավելի հումանիստական մոտեցում է իր մեջ պարունակում, քան` նախորդները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը: ԱԺ կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է հատուկ ընթացակարգ, 24 ժամ ընթացքում համաներման առաջարկը պետք է ընդգրկվի ԱԺ օրակարգում, ապա հետագա չորս օրերի ընթացքում այն քննարկվում է նիստի ընթացքում:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ մինչ այդ առաջարկը կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ պատգամավորները կներկայացնեն իրենց առաջարկները: Մենք հետարքրքվեցինք նաև, թե որ հոդվածներին է վերաբերում համաներումը:
«Կարծում եմ՝ այս պահին ես իրավասու չեմ ասելու, դեռևս ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակված Արդարադատության նախարարը զեկուցմամբ հանդես չի եկել և չի ներկայացրել տեքստը, թե ո՞ր հոդվածներին և ինչ սկզբունքով ու ինչպես է վերաբերում… Ընդամենը կարող ենք ասել, որ այս համաներումը ավելի հումանիստական մոտեցում է իր մեջ պարունակում, քան նախորդ մյուս համաներումները»,- պատասխանեց Հովհաննես Սահակյանը:
Հետարքրքվեցինք նաև` արդյոք համաներումը կտարածվի՞ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեպքի վրա, ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես երբևէ չեմ հանդիպել մի տեղ, որ համաներումը հենց մի անձի համար արվի, համաներումը համընդհանուր է իրականացվում: Մեզ համար համաներումը վերաբերում է բոլորին, մեր հետաքրքրությունների դաշտում են բոլորը: Կոնկրետացնել Տիգրան Առաքելյանին, թե մեկ այլ դատապարտյալի` այս պահին պետք չէ»: