Ռուբեն Հակոբյան. Զգացվում էր, որ Գևորգ Կոստանյանը լավ պատրաստվել է

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի առնչությամբ պաշտոնական դիրքորոշում կհայտնի քվեարկության ժամանակ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Անդրադառնալով Կոստանյանի հետ տեղի ունեցած խմբակցության հանդիպմանը, Ռ. Հակոբյանն ասաց, թե իրենք զրուցել են, հարցեր են ուղղել նրան՝ դատաիրավական այսօրվա համակարգի իրավիճակի, իր մոտեցումների և այլնի մասին, բայց դիրքորոշում կհայտնեն, երբ թեկնածուն ելույթ ունենա ԱԺ ամբիոնից:

Հարցին, թե բավարարվա՞ծ եք Կոստանյանի պատասխաններից, պատգամավորը պատասխանեց. «Նա տեսականորեն լավ պատրաստված էր, զգացվում էր, որ լավ պատրաստվել է: Բայց չկարողացանք կարճ ժամանակահատվածում բոլոր հարցերի պատասխանները լսել: Կան հարցեր, որոնք մենք չենք ուղղել, կարծում եմ, կուղղեն մյուս խմբակցությունները, որոնց արդյունքում ամբողջական պատկերացում կկազմենք, ճշգրիտ եզրահանգման կգանք»:

Մեր հարցին, թե Ձեզ համար և՞ս Գևորգ Կոստանյանն ավելի ընդունելի է, քան Աղվան Հովսեփյանը, Ռուվեն Հակոբյանը պատասխանեց, թե ամբողջական կարծիք հայտնելու համար պետք է հնարավորության սահմաններում տեսնել թեկնածուին իր ծրագրով, պահվածքով. «Լայն հասարակության համար, քաղաքական դաշտի համար Գ. Կոստանյանը նոր դեմք է և կարևոր է, որ նա իր ծրագիրը, արտահայտությունները հրապարակայնորեն արտահայտի, պատասխանները հրապարակային լսենք: Մենք բոլոր դեպքերում կարևորում ենք, երբ նա խորհրդարանում կներկայացնի իր ծրագիրը, կլսենք հարց ու պատասխանները ու կկողմնորոշվենք»:

Տեսանյութեր

Լրահոս