«Բարև Երևանը» չի տեղեկացվել
«Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. ըստ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պաշտոնական կայքէջի՝ 2013թ. հոկտեմբերի 11-ին Երեւան քաղաքում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսը: Նա նշել է, որ միջազգային գիտաժողովի կազմակերպման հարցը տեւական շրջան ընդգրկված է եղել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության օրակարգում՝ թիվ 127 հսկողականի ներքո, իսկ հանձնարարականի կատարման ժամկետ է ամրագրվել 11.09.2013թ., ապա՝ երկարացվել մինչեւ 30.09.2013թ., դրա կատարող՝ Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ.Գեւորգյանը, իսկ պատասխանատուն՝ Վ.Վարդանյանը:
«Որքան էլ եկող երկուշաբթի՝ 30.09.2013թ. լրանում է հիշյալ հանձնարարականի կատարման ժամկետը, այդուհանդերձ վերջին ամիսներին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, որոնց մասնակցել են նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցիչները, չի զեկուցվել հանձնարականի կատարման մասին, առավել եւս վերջին՝ 23.09.2013թ. խորհրդակցության ժամանակ:
Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է 2013թ. մայիսի 16-ից մինչեւ նոյեմբերի 13-ը եւ տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման ոլորտում առաջնահերթություն է հռչակել «տեղական ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը որպես հասարակության ժողովրդավարական առաջընթացի վճռորոշ տարր»:
Ձեզ հայտնի է, որ Երեւան քաղաքում տեղական ժողովրդավարության առանցքային ինստիտուտը Երեւանի ավագանին է՝ իբրեւ տեղական ինքնակառավարման բարձրագույն եւ ուղիղ ընտրություններով ձեւավորվող ներկայացուցչական մարմին: Հենց այդ համատեքստում չափազանց կարեւորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի կազմակերպած միջոցառումը Երեւան քաղաքում՝ իբրեւ փորձի փոխանակման, այլ քաղաքների լավագույն պրակտիկային ծանոթանալու, ՏԻՄ բարձրագույն մարմինների՝ ավագանիների միջեւ միջազգային համագործակցությունը խթանելու, եւ վերջապես՝ Հայաստանի հռչակած առաջնահերթություն-հանձնառությունը իրականացնելու հնարավորություն: Ուստի խնդրում ենք հայտնել.
- ե՞րբ եւ ինչպե՞ս են Երեւան քաղաքի ավագանու խմբակցությունները տեղյակ պահվելու հիշյալ գիտաժողովի անցկացման մասին,
- ինչպե՞ս են ավագանու խմբակցությունների ներկայացուցիչները մասնակցելու դրան,
- խնդրում ենք տրամադրել միջազգային կոնֆերանսի օրակարգը եւ մասնակիցների ցանկը,
- խնդրում ենք ապահովել «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցիչների մասնակցությունը հիշյալ միջազգային գիտաժողին:
Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է նամակում: