«Հետք»-ը խոստանում է ներկայացնել, թե ինչպես է ոչնչացվում մեդիադաշտը
«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով մեդիա դաշտին.
«Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք: Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը: Բավականին ժամանակ է մտմտում եմ «Հետք» թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիա դաշտում, մենք կարծես թե արդեն տեղ եւ անելիք չունենք: Բայց մի քանի հետաքննություններ ունենք ընթացքի մեջ, դրանք պետք է ավարտել: Եւ դրանցից մեկով էլ կներկայացնենք, թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը: Ինչ պրոյեկտներ է իրականացրել նախկինում եւ այժմ ինչ է անում Բաղրամյանը 26-ը: Այս կամ այն լրատվամիջոցի որ լրագրողն է տանում, ասենք վարչապետի գիծը, որը ոստիկանապետի գիծը….որ օլիգարխը որ լրատվամիջոցին ինչքան է վճարում: Ովքեր են հեռուստաընկերությունների իրական սեփականատերերը: Ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների, առանձին լրագրողների հետ: Ինչպե՞ս մենաշնորհվեց գովազդի դաշտը, ով է այնտեղ հիմնական խաղացողը: Եւ հրաժեշտ հայաստանյան մեդիադաշտին»: