Բաժիններ՝

Նոր մանրամասներ Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունից

Շիրակի Մարզի  ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, նախորդ դատական նիստերի ժամանակ դիտել են այն ավտոլվացման կետի տեսախցիկների ձայնագրությունը, որտեղ վերջին անգամ եղել է Կարեն Եսայանը, եւ որտեղից դուրս գալուց հետո էլ նրան հետապնդել են Մերսեդես մակնիշի մեքենայով:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝դատարանում այսօր դիտել են գործին կցված տեսանյութերի վերջին փաթեթը, որը վերցված է Շիրակացի փողոցի դեղատներից մեկից: Ըստ մեղադրող կողմի՝ մեքենաները անցել են այդ դեղատան կողքով, ինչն էլ ֆիքսել են տեսախցիկները:

Ըստ պաշտպանական կողմի՝ տեսանյութում պատկերված երկու մեքենաները ոչ մի առնչություն չունեն այս գործի հետ, քանի որ իրեղեն ապացույցների հետազոտումից պարզվել է, որ երկու իրար հաջորդող մեքենաները խանութի մոտ են հայտնվում 3 րոպե անց, իսկ դեղատան դիմաց մեկ ժամ հետո, մինչդեռ ավելի վաղ պետք է հայտնվեին տեսադաշտում:

«Եթե խոսք կարող է գնալ այն մասին, որ հնարավոր է, որ այս դիվիարներում ժամերը լինեն տարբեր դրված, ապա դա հերքվում է»,- նշել է Լուսինե Սահակյանը՝ օրինակ բերելով նախորդ տեսանյութերը, որտեղ ժամերը հստակ համընկնում են:

Պաշտպանական կողմը հիշեցնում է նաև այն մասին, որ սպանության նախորդ օրը երեկոյան Կարեն Եսայանն իր ավտոմեքենան թողնում է ավտոլվացման կետում և տուն է գնում պաղպաղակ տեղափոխող մեքենայով, որին ոչ ոք չի հետապնդում:

Տեսանյութերի դիտումից հետո դատարանն անցավ իրեղեն ապացույցների զննմանը: Պաշտպանական կողմը խնդրեց արձանագրել այն փաստը, որ իրեղեն ապացույցների փաթեթավորումն ու կնքումը կատարված է սահմանված նորմերին անհամապատասխան: Նախ զննվեց ամբաստանյալի վերարկուն, որն, ըստ մեղադրող կողմի, կրել է Հարությունը` հանցագործություն կատարելու ժամանակ:

«Սվիտրը կեղտոտ է, այրված, այն առօրյայում հագնել հնարավոր չէ».- համոզված է պաշտպանական կողմը: Զննման ենթարկվեցին նաև ամբաստանյալի կոշիկները, որից վերցված հողի նմուշը, ըստ փորձագիտական եզրակացության, համապատասխանում է Մայր Հայաստանի հողի նմուշի հետ:

Պաշտպանական կողմը, սակայն, համոզված է՝ սպանության նախորդ օրվա գիշերը տեղացել է անձրև, և եթե ամբաստանյալը այդ կոշիկներով Մայր Հայաստանում լիներ, այն ամբողջովին ցեխի մեջ կլիներ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանը վստահեցնում է. «Ես ինքս եղել եմ դեպքի վայրում, կոշիկներով գնացել եմ, հանգիստ էլ իջել եմ, հետո կոշիկները սրբելու կարիք չի եղել»:

Զննվեցին նաև մեքենաների ռետինե գորգերը և այլ իրեղեն ապացույցներ: Այնուհետ նախատեսվում էր ամբաստանյալի հարցաքննությունը, սակայն վերջինս հրաժարվեց հարցերի պատասխանել` պատճառաբանելով, որ դեռևս պատրաստ չէ, ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը փոխի ապացույցների քննման հերթականությունը և անցնի փորձագետների հարցաքննությանը: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Տեսանյութը այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս