
Մարտիրոսյանն ազատվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից, նրան կփոխարինի Փոլադյանը

Հայստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: «Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին»,- ասված էր ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ: