
Գևորգ Կոստանյան. Խմբակցությունների հետ հանդիպման արդյունքները կերևան քվեարկության ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը այսօր ԱԺ-ում հանդիպեց խորհրդարանական բոլոր ուժերի հետ, բացառությամբ՝ ՀՀԿ-ի: Հանդիպման արդյունքները Կոստանյանը նախընտրեց այժմ չամփոփել՝ նշելով, թե դրանք կերևան քվեարկության ժամանակ: Ինչ վերաբերում է քննարկվող թեմաներին, նա նշեց, թե բոլորը միավորված են մեկ հարցի շուրջ՝ երկրում անհրաժեշտ է ապահովել օրինականություն. «Այս առնությամբ, ես իմ պատրաստակամությունը հայտնեցի և փորձեցի համակարգային ներկայացնել այն հնարավոր մոտեցումները, որոնք կնպաստեն իրագործմանը: Ընդ որում՝ կա միասնական մոտեցում թե նպատակի շուրջ, թե դրան հասնելու միջոցների շուրջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե գլխավոր դատախազի թեկնածուի անձն այդքան էլ էական չէ, կարևորը համակարգն է, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ նա կլինի ավելի լավը, քան իր նախորդը: Ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց, թե «համակարգի մաս կամ համակարգից առանձին» դիտվելու անհրաժեշտություն չկա. «Համակարգի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է անձանց կատարած աշխատանքի արդյունքներով: Եվ եթե մենք ունենք միասնական սկզբունքներ` գործելաոճի և նպատակի առումով, իսկ դրանք միասնական են թե ինձ համար, թե համակարգի անդամների, ապա երաշխավորել, որ դրանք պետք է կիրառե՞լ… դրանք երաշխավորված կիրառվում են: Ես առավելագույնս գործադրելու եմ ջանքերը ցանկացած ուղղությամբ ցանկացած գործում, որովհետև բոլորը նույն կարևորությունը ունեն»: