Անի Զախարյանն առաջարկում է հասարակական պալատ ձևավորել
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել առաջարկությամբ.
«Հայաստանի «Նոր Քաղաքական Մշակույթ» Կուսակցությունը հանդես է գալիս մի շատ կարևոր նախաձեռնությամբ, այն է Հայաստանում հասարակական կազմակերպությունների ղեկավարներից բաղկացած հասարակական պալատ ձևավորել, որի նպատակն է բարձրացնել հասարակական կազմակերպությունների դերը հայ հասարակական-քաղաքական կյանքում և գործուն ու ակտիվ մասնակցություն ապահովել ու հակակշռի դեր կատարել այսօրվա գործող իշխանությանը հասարակական մտքի ու ծրագրերի ամբիոնից:
Այսօր ունենք հանրային խորհուրդ, որը ըստ էության պետք է կատարի այդ դերը, սակայն ինքս լինելով հանրային խորհրդի անդամ, արդեն մոտ 1 տարի է անիմաստ եմ համարում այդ խորհրդի նիստերին իմ մասնակցությունը, քանզի հասկացել եմ, որ այդ կառույցը զուտ ձևական բնույթ է կրում և այնտեղ կենտրոնացած հանրային միտքը չունի լիարժեք հնարավորություն հակազդելու կառավարության կողմից ներկայացվող այս կամ այն ծրագրի փոփոխմանը, եթե այն չի համապատասխանում հանրային շահին: Կառավարության կողմից ներկայացվում են ծրագրեր արդեն պատրաստի վիճակում և հանրային խորհրդի դերը սահմանափակվում է միայն մի քանի անդամների հնչեցրած կարծիքներով և չի կրում ոչ մի իրավաբանական ուժ:
Իսկ իրականում, հենց հասարակական կազմակերպություններն են այն ակտիվ, ծրագրերի առումով ռիթմիկ լծակակիրները, ովքեր իրենց գործունեության ընթացքում ամեն օր առնչվում ես հասարակական խնդիրների հետ ու փորձում ուղիներ որոնել դրանց լուծման համար: Ուստի, կարծում եմ, որ այսօր կա հրամայականը և պահանջը նոր հասարակական հարթակ ձևավորելու համար: Խնդրում եմ ակտիվ գործունեություն ծավալող բոլոր հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, ովքեր մտահոգ են երկրի առջև ծառացած լուրջ խնդիրներով արձագանքել իրենց տվյալները փոխանցելով իմ անձնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Այս նոր ձևավորվող հասարակական պալատը պահանջելու է ՀՀ կառավարությունից նախնական լուրջ հասարակական քննարկումներ ու հետազոտություններ իրականացնել նախքան որևէ ծրագիր ընդունելը:
Հարգանքով՝ ՀՆՔՄԿ նախագահ Անի Զախարյան»: