Բաժիններ՝

Ինչպես է սերժանտը զինված սպառնացել Ք. Բ.-ին և նրա անչափահաս դստերը, նրանց տարել Ջրվեժի գերեզմանոց… (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մարաշի բաժանմունք հաղորդում ստացվեց, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված Ք-ին ու նրա դստերը: Նրանք ասել էին, որ գիշերը անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա իրենց նստեցրել ավտոմեքենան, տարել Ջրվեժի գերեզմանոց և իջեցնելով՝ հեռացել:

Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց ահազանգողի նշած հասցեով, իսկ նույն օրը, կեսօրին ոստիկանությունում տված հաղորդման մեջ Նորքի բնակչուհի Ք. Բ.-ն արդեն ներկայացնում էր մղձավանջային գիշերվա մանրամասները: Դիմակավորվածը պատուհանը կոտրելով՝ տուն էր խուժել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 3-ից 5-ն ընկած հատվածում, ատրճանակի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակում էր գործել Ք. Բ.-ի և նրա անչափահաս դստեր վրա, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ի, կպչուն ժապավենով՝ դստեր ձեռքերը, հափշտակել տանտիրուհու ոսկե զարդերը, 186 հազար դրամ և 100 դոլար, «Սոնի» պլազմային հեռուստացույց, ապա, ատրճանակով սպառնալով, նրանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենցի» բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված և բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաև դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի: Նույն օրը դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, սկսվեց նախաքննություն, որն ավարտվելու էր այդ մղձավանջային գիշերվա անկանխատեսելի ու անակնկալ բացահայտմամբ՝ ի հայտ բերելով նողկալի իրողությունը…

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1985 թ. ծնված Էդգար Վարագյանը՝ ոստիկան, ոստիկանության սերժանտ… Վարագյանի մարմնի քննումով հայտնաբերվել են քերծվածքներ, իսկ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են լապտեր ու խաղալիք՝ ատրճանակ հանդիսացող զենք, որոնք ճանաչվել են տուժողների կողմից:

Նախաքննությունը շարունակվում է: «Ոստիկանները հերթական անգամ վնասազերծեցին իրենց շարքերը խցկված փոխակերպուկին: Այսպիսի յուրաքանչյուր դեպք ցնցող ու ցավալի է, սակայն պարտադիր են բացահայտումն ու վնասազերծումը, վիրահատության պես: Ոստիկանության սկզբունքն է՝ օրենքը հավասար է բոլորի համար, իսկ նմանները, որոնք դավաճանում են ոչ միայն ծառայողական պարտքին, այլև մարդկային նկարագրին, պետք է անխնա մաքրվեն թե՛ համակարգից, թե՛ հասարակությունից»,- ասած է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս