
Մարգարիտ Եսայանը դատապարտում է «մեր իսկ երկրում օտարների այսպիսի պահվածքը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբույքան իր էջում գրել է. «Էլեկտրոնային կայքերից տեղեկացա, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրանուղեկցող իր համախոհների նկատմամբ միջադեպ է տեղի ունեցել Երևան-Մեղրի պետական նշանակության մայրուղու Լիճք գյուղի հատվածում, ռուս սահմանապահներ ներկայացած անձինք ստուգել են փաստաթղթերը, առանց հատուկ մեկնաբանությունների և առանց անվանապես ներկայանալու: Միջադեպի ժամանակ նաև կոտրել են պատգամավորին ուղեկցողների մոտ գտնվող և միջադեպը նկարահանող սարքը: Իհարկե, ցավալի և զայրացուցիչ միջադեպ է, հուսամ` կպարզվեն հանգամանքերը և մեղավորները կպատժվեն: Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դատապարտում եմ կատարվածը, անընդունելի եմ համարում ՀՀ քաղաքացիների նկատմամբ մեր իսկ երկրում օտարների այսպիսի պահվածքը: Զրուցել եմ իմ գործընկերուհու՝ Զարուհու հետ և համոզմունք եմ հայտնել, որ այս ամոթալի միջադեպի մեղավորները կպատժվեն և սա չի դառնան վատ նախադեպ»: