ՀՀԿ-ական պատգամավոր. Ո՞վ է գնացել Պուտինի մոտ` նրանից իմացել, ինքը վստահում ա՞ մեզ, թե՞ չէ, էդ պառավների խոսակցություն ա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով` Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը և միաժամանակ շարունակի իր բանակցությունները Եվրամիության հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Հարությունյանը: Ի պատասխան մեր հարցին` արդյոք Եվրոպան այսուհետ ցանկություն կունենա՞ Հայաստանի հետ բանակցել, նա նկատեց, թե եվրոպական մամուլում այդ առնչությամբ կարծիքները տարբեր են. «Ուշադիր նայեք մամուլին, եվրոպական ուրիշ պաշտոնյաներ էլ ուրիշ բան են ասում, ասում են, որ Հայաստանի հետ բանակցություններ են վարելու, շարունակելու են այդ գործընթացը: Սա այն երևույթն է, որ կատեգորիկ որևէ բան չի կարելի ասել, բայց ես կարծում եմ՝ համագործակցությունը կշարունակվի»:

Մեր հարցին, թե համամի՞տ է այն տեսակետներին, թե ՌԴ-ն երկմտում է՝ արդյոք Սերժ Սարգսյանի հայտարարությունը անդամակցության մասին վերջնակա՞ն է, թե՞ ոչ, նա այսպես արձագանքեց. «Դրանք կարծում եմ՝ ասեկոսեներ են: Միջազգային հարաբերությունները չեն ենթադրում, որ այս կամ այն մարդը մի բան է ասել: Երկրի նախագահը հանձնարարեց և նախագահի խոսքը մնում ա խոսք: Իսկ թե կողքի մարդիկ ի՞նչ են ասում, լավատեղյակ աղբյուրները ի՞նչ էն գրում, կապ չունի: Ո՞վ է գնացել Պուտինի մոտ` նրանից իմացել, ինքը վստահում ա՞ մեզ, թե՞ չէ: Չեն գնացել, չէ՞, ուրեմն` ասեկոսե ա,  իսկ միջազգային դիվանագիտությունը` «ասում են» չի ենթադրում՝ էդ պառավների խոսակցություն ա: Կա բանակցային գործընթաց, պայմանագիր, որը ստորագրվում է, իսկ թե մարդիկ ի՞նչ ենթադրություն են անում՝ իրենց գործն ա»:

Տեսանյութեր

Լրահոս