
Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը հանդիպումների շարք է սկսել կուսակցությունների հետ

«Աշխարհում գոյություն ունի քաղաքական ժողովրդավարության երկու ձևաչափ. մեկը՝ մրցակցային, երբ երկիրը ղեկավարվում է ընտրված նախագահով, կուսակցությունների միջոցով, Ազգային ժողովի օրենքներով ու Սահմանադրությամբ, և երկրորդը, որ կոչվում է համագործակցային ձևաչափ, որով երկիրը կառավարվում է այն ժամանակ, երբ խախտված է վերը նշված մրցակցային ձևաչափը: Տարիներ շարունակ Հայաստանում կառավարման մրցակցային ձևաչափը խախտված է:
Ասել է թե՝ այսօրվա իշխանությունները ժողովրդի քվեն լիարժեք չունենալով, ի վիճակի չեն դիմակայել հայկական պետության առջև ծառացած մարտահրավերներին: Ըստ այդմ՝ ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը, նշված քաոսային վիճակը շտկելու նպատակով, հանդիպումների շարք է սկսել ՀՀ կուսակցությունների հետ, քանզի այլևս ՀՀ վարչակազմի ոչ մրցակցային լինելու պարագայում, խնդիրները համազգային նշանակության են:
Այս իրավիճակից ելնելու նպատակով Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը շահագրգիռ կուսակցություններին առաջարկում է քննարկել ներկա իրավիճակը՝ ՀՀ արտաքին քաղաքականություն, ՀՀ ներքին քաղաքականություն, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ, բարձրաձայնել սեփական գնահատականը, վեր հանել առաջնային խնդիրները և համատեղ ընտրված լուծումները դարձնել ուղենիշ-հրամայական երկրի կառավարման գործում: Հրամանատարների կողմից առաջարկված կառավարվան այս մոդելը ըստ էության չունի առաջիններ և վերջիններ, այն կոլեգիալ մարմին է, որ պետք է առաջնորդվի ազգային պետական շահերով»:
Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ