Ոստիկանության աշխատակիցներն անհիմն մեղադրվել են ծանր հանցագործության կատարման մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղամ Անդրեասյանը 2013թ. հունիսի 25-ին` ժամը 13 անց 40-ի սահմաններում, օգտվելով Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկի դուռը բաց լինելու հանգամանքից, նշված բնակարանի բնակիչներին պատկանող գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ նրան նկատել է այդ պահին բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն, ով բռնել է նրան և Գեղամ Անդրեասյանի փախուստը կանխելու ժամանակ նրա պարանոցի շրջանում ճանկռվածքների ձևով պատճառել մարմնական վնասվածքներ:
Վերը նշված գողության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գեղամ Անդրեասյանը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ոստիկանության աշխատակիցներին մեղադրելով իր նկատմամբ գործադրված բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Մասնավորապես` Գեղամ Անդրեասյանը հայտնել է, որ գողության փորձ կատարելու կասկածանքով իրեն ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկած ոստիկանության աշխատակիցները 2013թ. հունիսի 25-ին, իբրև, իրեն խոշտանգելու, ծեծի ենթարկելու և մարմնական, այդ թվում պարանոցի շրջանում ճանկռվածքների ձևով վերը նշված վնասվածքները պատճառելու միջոցով իրենից կորզել են խոստովանական բացատրություն և ցուցմունք, ինչպես նաև խախտել են իր պաշտպանության և մյուս իրավունքները:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: