Գառնիկ Իսագուլյանը ՀՀ երեք նախագահներին խնդրելու է հանդիպել միմյանց հետ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Մաքսային միությանը անդամակցելու որոշման կայացման ու մի շարք այլ հարցերի շուրջ քննարկման համար առաջարկում է ՀՀ երեք նախագահներին հանդիպել միմյանց հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ գործող քաղաքական վերնախավը՝ իշխող կոալցիան, անունակ է որևէ հարց դնել քննարկման և դրա արդյունքում առաջարկել որևէ լուծում: Ըստ նրա՝ իշխանության բոլոր հայտարարությունները, թե լուրջ քնարկումներ են եղել մինչև սեպտեմբերի 3-ի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, «մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում»: «Վերևից ասվեց որևէ միտք, մնացած բոլորը դա կրկնում են: Վաղը ասեն հակադիր միտքը՝ կրկնելու են էլի բոլորը: Սա քաղաքական անմեղսունակություն է: Չկա իշխանության մեջ այն մարդը, որը ունակ է բարձրաձայնել, որ քնարկում է պետք, հանգել է պետք մեկ այլ մտքի: Պետք է ձևավորել մի մարմին, օրինակ, նախագահների խորհուրդը, որը առաջ կքաշի այս հարցը: Ես անպայման հայցելու եմ ՀՀ երեք նախագահներին` հանդիպման խնդրանքով: Սա միակ ֆորմատն է, որ կարելի է քննարկել ու առաջարկել լուծումներ: Երեք նախագահներին կարող է միանալ նաև Արկադի Ղուկասյանին և ԼՂՀ երկու նախագահները կամ էլ երեք նախագահներին կառաջարկեի միանալ նաև Վեհափառ հայրապետներին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հանդիպումը կխթանի նոր մտքերի գեներացիա: Նա հավաստիացրեց, որ ՀՀ երեք նախագահների միջև վերջին երեք տարում որևէ շփում չի եղել, հանդիպում չի կայացել, «կարող է բարևել են», բայց հարցեր չեն քննարկվել: «Ցավոք, մենք վերածվել ենք կենացների պետության: Ես պատիվ եմ ունեցել երեք նախագահների հետ սեղան նտել և կարող եմ ասել, որ նույն թամադան նույն հաջողությունները երեքին էլ վերագրել է: Պաշտոնապես դիմելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, զրույց կգնա հավասարը-հավասարի հետ, հանդիպելու եմ իրենց հետ և առաջարկելու նախաձեռնել հանդիպում: Հանդիպելու եմ նաև Արկադի Ղուկասյանի հետ, Բակո Սահակյանի հետ՝ առաջարկելով նախաձեռնել կլոր սեղան»: 168.am-ի հարցին, թե չեք կարծում, որ դա անհնար է, նա արձագանքեց այսպես. «Բայց ինչո՞ւ է անհնարին՝ ի՞նչ խնդիր կա: Ի՞նչն է պատճառը՝ նախագահ է, իր լիազորությունների ժամկետը ավատվեց ու հարց քննարկելու խնդիր էլ չունե՞ն: Մի սեղանի շուրջ դժվար կլինի Լևոն Տեր-Պետրոսյանին ասել՝ մի հայտնի քո տեսակետը կամ մեկ այլ անձի ասել՝ մի ասա, շեֆը կջղայնանա: Հարկավոր է էս ֆորմատը ձևավորել ու սա կդառնա խթան, որ մյուս քաղաքական շերտերը չվախենան այս քնարկումից: Ինչո՞ւ մեր նախագահները պետք է միմյանցից խուսափեն, չբարևեն, չնստեն-չքննարկեն, ուրախության սեղանի չնստեն, սպասեն մահանա՞ մեկը, որ գնան թափորին, թաղման արարողությանը մասնակցեն»,- նշեց նա: Գ. Իսագուլյանը չբացառեց, որ Եվրոպայում նոյեմբերին կստորագրվի ԵՄ-Հայաստան համագործակցության որևէ ֆորմատ: «Հայաստանը ունիկալ է: Եվրոպան էլ արևմուտքն էլ ամեն ինչ կանեն, որ որևէ փաստաթուղթ ստորագրի»: Հարցին, թե անձնական ամբիացիաները թույլ կտա՞ն հանդիպել, նա պատասխանեց, թե չի ցանկանում հավատալ, որ երեք նախագհների ցանկությունը եղել է միայն այդ պաշտոնում ընտրվելը ու վերարտադրվելը և շեշտեց, թե հայրենքը շատ ավելի կարևոր է, քան անձնական խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս