Ուսանող իրավաբանը շահել է մեքենայի մաքսազերծման դատը
azatutyun.am-ի փոխանցմամբ`Վերաքննիչ վարչական դատարանն այսօր բավարարել է ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանի՝ Ճապոնիայից ներկրած մեքենան ցածր մաքսատուրքով մաքսազերծելու հայցը։
Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է բեկանել Վարչական դատարանի մարտի 15-ին կայացրած վճիռը: Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) պարտավորեցնել Սերգեյ Գրիգորյանի ներմուծած MERSEDES-BENZ մակնիշի մեքենան մաքսազերծել գործարքի գնի մեթոդով, այսինքն՝ 2000 դոլարով ավելի ցածր մաքսատուրքով, քան անցյալ տարվա մայիսին պահանջել էին մաքսային տեսուչները:
Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է նաև անվավեր ճանաչել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի գրությունը: Աֆրիկյանը մերժել էր քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի դիմումը և որոշել էր, որ մեքենան պետք է մաքսազերծվի Մաքսային օրենսգրքի այն հոդվածով, որը նախատեսում է թանկ մաքսատուրք: Վերաքննիչ վարչական դատարանի այսօրվա որոշումն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից: Մեկ ամսվա ընթացքում որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում:
Ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանը մեկուկես տարի առաջ 10 հազար դոլարով իր MERSEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան գնել է Ճապոնիայից: Հայաստանի սահմանին մաքսազերծելիս՝ մաքսային տեսուչները պահանջել էին, որ ուսանող իրավաբանի պնդմամբ, իր դեպքում կիրառելի տարբերակից 2000 դոլարով թանկ մաքսատուրք վճարի: Ուսանողը, սակայն, հրաժարվել է բարձր մաքսատուրք վճարել՝ վստահ լինելով, որ տվյալ դեպքում օրենքը նախատեսել է մատչելի գին, քան պահանջել են մաքսային տեսուչները: Քանի որ ուսանողը բողոքարկել է ավտոմեքենան ավելի բարձր գնով մաքսազերծելու վերաբերյալ ՊԵԿ-ի որոշումը, մեքենան արդեն մեկուկես տարի է մաքսատանը կից պահեստում է:
Գրիգորյանը մեկուկես տարի դատական քաշքշուկների ժամանակ պնդում էր, որ հիմնավոր փաստերի ուժով ի վերջո հասնելու է արդարության: «Այս որոշումը կարող է դառնալ նախադեպային, փաստորեն այս որոշմամբ որոշակիացվեց օրենքը, կարծում եմ, այսուհետ օրենքը գործողության մեջ կկիրառվի»,- դատարանի որոշումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: