Բաժիններ՝

Վարդան Սեդրակյանի համակիրը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին.« Ես ընդիմադիր չեմ, իշխանամետ չեմ, գրանտակեր չեմ…»

«Հարգելի պարոն նախագահ

Այսօր Հայաստանում անմեղ մարդուն 14 տարվա ազատազրկման են դատապարտել: Խոսքս նախագահի թեկնածու` էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին է: Որտեղի՞ց ես գիտեմ, որ նա անմեղ է: Ես ճանաչել եմ Սեդրակյանին, ես եղել եմ նրա գրեթե բոլոր դատական նիստերին, ես կարդացել եմ նրա «Արդարության Օրենսգիրքը» և ես մեկն եմ այն ժողովրդից, որի գրեթե յուրաքանչյուր անդամը ապշած ուսերն է թափ տալիս` իմանալով, որ էպոսագետին 14 տարով ազատազրկել են Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու համար:

Պարոն նախագահ, Ձեզ համար անհայտ, ինձ համար հավաստի աղբյուրներից գիտեմ, որ Ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր պնդում են, որ Սեդրակյանն իրոք մեղավոր է: Հավատացնում եմ Ձեզ դրա համար նրանք ունեն իրենց շատ կարևոր դրդապատճառները:

Ես Սերժ Թանկյանը չեմ և չեմ կարող հույս ունենալ, որ կարժանանամ Ձեր պատասխանին: Երկու տարբերակ կա, որ հասու է ցանկացած մարդու մտքին. կամ Սեդրակյանին ազատությունից զրկելը ուղղակի անկատար դատական համակարգի հերթական կոպիտ սխալն է, կամ ձերբակալված Վարդան Սեդրակյանն ավելի անվտանգ Սեդրակյան է (քաղաքական իմաստով իհարկե):

Պարոն նախագահ ես ընդիմադիր չեմ, իշխանամետ չեմ, գրանտակեր չեմ, ես ընդամենը մեկն եմ թվով քիչ այն մարդկանցից, որոնք համակրում էին Վարդան Սեդրակյանի քաղաքական հայացքները և դրանց հիմքում ընկած Սասնա Ծռեր էպոսը:

Հնարավոր է, որ տեղեկատվության հարցերով պատասխանատու Ձեր օգնականները «փափուկ բարձ» են դնում Ձեր գլխի տակ` այս խնդրին երկրորդական նշանակություն տալով: Իրականում շարքային վարորդից մինչև վաստակավոր դերասան, գրեթե յուրաքանչյուր երկրորդը բարձրաձայն ասում են. «Սերժին պետք էր, դրա համար էլ 14 տարով անմեղ մարդուն նստացրին»: Ուզում եմ իմանալ Ձեզ իրո՞ք այդպես էր պետք, թե՞ դուք թույլ չեք տա, որ առանց լուրջ ապացույցների Ձեզ հավասար մեկին զրկեն ազատությունից: Պահանջեք, որ իրավասու մարմինները լրջորեն քննության առնեն այս գործը, որպեսզի թույլ չտաք, որ անմեղ մարդու անարդար պատիժը ծանրանա Ձեր ուսերին և ես յուրաքանչյուր երկրորդին պատրաստ եմ համոզել, որ նրանք չարաչար սխալվում են Ձեր հարցում:
Ավարտելով նամակս հույս եմ հայտնում, որ ապագայում ինձ չեն մեղադրի Հայրիկյանի հաջորդ «մահափորձը» կազմակերպելու մեջ, և որ Դուք` հարգելի Սերժ Սարգսյան, դա թույլ չեք տա»:

Հարգանքներով` Հայկ Կիրակոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս