Անի Զախարյանի նոր կոչը աղջիկներին. «Արտամուսնական կապից երեխաներ ունեցեք»
aravot.am-ի փոխանցմամբ` Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը շարունակում է կիսվել իր ազատամիտ գաղափարներով: Նորընտիր կուսակցապետը դժգոհում է, որ հայաստանցիները չեն կարողանում իրենց կյանքը լիարժեք տնօրինել. «Որովհետեւ հասարակական տարբեր դրսեւորումների ու տարբեր կարծիքների, արձագանքների առջեւ կարող են կանգնել»: Ազատ սեռական կյանքով ապրելու կողմնակից Անի Զախարյանը պատմել է, որ հայերի մեջ սեքսի քաղց է նկատել: Կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու հայտարարություն անելուց, հետո նրան մի հայ երիտասարդ տղա է գրել` անկեղծանալով, որ սեռական ազատ կյանքով ապրելու խնդիրներ ունեն ոչ միայն հայ աղջիկները, այլեւ տղաները.
«Հավատացեք, այսօր շատ հայ տղաներ չեն կարողանում օգտվել հասարակաց տներից, եւ ես չեմ հարգում այն տղաներին, որոնք օգտվում են նման կանանց ծառայություններից, որովհետեւ տղամարդը ի վերջո պետք է արժանապատվություն ունենա եւ զուգընկերուհուն արագ չփոխի: Սրա լուծումն այն է, որ յուրաքանչյուր ոք ազատ կամքի դրսեւորմամբ, երբ սեռահասունացման իր տարիքի գագաթնակետին է հասնում, հանգիստ ձեւով դրսեւորի իր կյանքը, եւ հասարակությունն էլ պատրաստ լինի ոչ թե տվյալ մարդուն նայել որպես անբարոյականի, այլ բնական երեւույթի: Դա բնական, կենսական երեւույթ է»: «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը ոչ մի վատ բան չի տեսնում նաեւ արտաամուսնական կապի, երեխաներ բերելու մեջ…»:
Անի Զախարյանը արդարացնում է արտաամուսնական կապերը ու հորդորում է չքննադատել, որովհետեւ. «Հնարավոր է` այնպես ստացվի, որ կնոջ մոտ այն տղամարդը, որը իր հոգու մեջ այդ վեհ զգացմունքը կառաջացնի, շատ ուշ հանդիպի: Բայց, միաժամանակ, կնոջ մոտ կա որոշակի տարիք, երբ այդ տարիքում կարող է երեխա ունենալ: Կինը կարող է իր երեխան ունենալ, հետո որոշակի տարիքում, երբ հանդիպի տղամարդուն, ում հետ կուզենա իր անձնական կյանքը դրսեւորել, թող դրսեւորի: Մենք պետք է սերունդ տանք մեր ազգին: Ես հիմա ինձ մեղադրում եմ` պետք է գոնե երկու, երեք երեխա ունենայի, որովհետեւ այն հայրենասիրական մղումները, որ ունեմ, բավականին սերմանած կլինեի երեխաներիս մեջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: