Մինչև տարեվերջ փոքր կենտրոնում կապամոնտաժվի մեծ և միջին չափի 106 գովազդային վահանակ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկող մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը:
Գովազդի ոլորտի բարեփոխումների ծրագրում ընդգծելով արտաքին գովազդի արդիականացման և, դրանով իսկ, գովազդային վահանակները քաղաքի ընդհանուր ձևավորմանն առավել համահունչ դարձնելու քաղաքականության կարևորությունը՝ Արազ Բաղդասարյանը նշել է, որ, ըստ էության, գործընթացի շրջանակում ապամոնտաժվելու են այն վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթևեկելի մաս՝ այդպիսով խոչընդոտելով փողոցների ամբողջական տեսողական ընկալմանը։ Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել Սայաթ-Նովայի պողոտայի (մինչև Խանջյան փողոց), Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի (մինչև Խանջյան փողոց) գովազդային մեծ և միջին չափի վահանակները:
«2000-ական թվականներին գովազդային վահանակների զգալի պահանջարկի աճ նկատվեց, և այդ ընթացքում մեծ քանակությամբ նմանատիպ մեծ չափերի վահանակներ տեղադրվեցին, որոնք, սովորաբար, մշակութային կենտրոններից դուրս են տեղադրվում: Այսօր իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը Երևանն ավելի գեղեցիկ և ավելի հարմարավետ դարձնելն է ինչպես երևանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար»,-նշել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը:
Արազ Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում կապամոնտաժվի 106 գովազդային վահանակ:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն ընդգծել է, որ գործընթացը սկսվել է դեռ տարեսկբից, որի ընթացքում գովազդային ոլորտի կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում ապամոնտաժումն իրականացվելու է ընկերությունների ուժերով: Փոխարենը՝ լրացուցիչ ներդրումների շնորհիվ գովազդային կազմակերպություններին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվելու է քաղաքային չափերին համապատասխան, ժամանակակից գովազդային վահանակներ տեղադրելու հնարավորություն:
Փողոցների երթևեկի ծանրաբեռնվածության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ապամոնտաժման աշխատանքներն իրականացվելու են երեկոյան ժամը 23-ից հետո, ինչի համար Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հայցում է բնակիչների ներողամտությունը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն