
Շվեյցարիան դեմ է համընդհանուր զորակոչի վերացմանը

Շվեյցարիայում կիրակի կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով շվեյցարացիների մեծ մասը դեմ է արտահայտվել համընդհանուր զորակոչի վերացմանը, հաղորդում են շվեյցարական լրատվամիջոցները:
«Tribune de Geneve» պարբերականը տեղեկացնում է, որ հանրաքվեի արդյունքները ոչ բոլոր վայրերում են ամփոփվել, սակայն արդեն պարզ է, որ երկրի 26 կանտոնների մեծ մասը դեմ են եղել համընդհանուր զորակոչից հրաժարվելուն:
Համընդհանուր զորակոչի կողմնակիցները համոզված են, որ դա երկրի պաշտպանունակությունը պահպանելու ամենաարդյունվետ միջոցն է: Ընդդիմախոսները վկայակոչում են բանակը պահելու համար հսկայական ծախսերը, ինչն ամենեւին էլ արդարացված չէ Շվեյցարիայի դեպքում, որն ավանդաբար չի միջամտում միջազգային հակամարտություններին:
Շվեյցարիայում զինծառայությունը պարտադիր է տղամարդկանց համար: Նրանք ծառայության են անցնում 20 տարեկանում եւ ծառայում են 18-21 շաբաթ: