ՀՀ առևտրային բանկերի զուտ ներդրումային դիրքը վատթարացել է
2012 թվականի գործառնությունների հաշվին ՀՀ առևտրային բանկերի զուտ ներդրումային դիրքը վատթարացել է 380.1 մլն դոլարով: Ընդ որում, արտաքին ակտիվները գրեթե չեն փոխվել և ավելացել են ընդամենը 2.2 մլն դոլարով, իսկ պարտավորություններն ավելացել են 382.3 մլն դոլարով:
ԿԲ երրորդ եռամսյակի Բանբերի համաձայն՝ ակտիվներում առևտրային բանկերի՝ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի 47.3 մլն դոլար նվազումը փոխարինվել է ՀՀ բանկերի՝ արտասահմանյան բանկերում ունեցած ավանդների 50.6 մլն դոլար աճով: Միևնույն ժամանակ նշենք, որ ակտիվային ավանդների աճը պայմանավորված է բացառապես կարճաժամկետ ավանդների աճով: Պարտավորությունների աճը պայմանավորված է ՀՀ առևտրային բանկերում ոչ ռեզիդենտների ուղղակի ներդրումների ավելացմամբ` 71.4 մլն դոլարով, ոչ ռեզիդենտներից 302.6 մլն դոլարի չափով վարկերի ներգրավմամբ, միևնույն ժամանակ 14.7 մլն դոլարով նվազել են ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները: Հարկ է նշել նաև, որ ներգրավված վարկերի աճը լիովին պայմանավորված է երկարաժամկետ վարկերի աճով, իսկ կարճաժամկետ վարկերը 16.6 մլն դոլարով նվազել են: