
Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական հարցերի լուծման գործում: Աճում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները:
Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում:
Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, բարօրություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»: