Պզոն ցանկանում է զբաղեցնել Դեդ Հասանի տեղը. Ս. Գալոյան
«Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ազատ արձակվելուց հետո, ամենայն հավանականությամբ, կվերադառնա ոչ թե Հայաստան, այլ Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գրող Սերգեյ Գալոյանը: Նա հիշեցրել է, որ Արմեն Ղազարյանը պետք է դատապարտվեր ԱՄՆ-ի քրեական օրենսգրքի 17 հոդվածներով և նրան ի սկզբանե սպառնում էր 64 տարվա ազատազրկում, սակայն նրա պաշտպանությամբ սկսել է զբաղվել Մարկ Կիրակոսը, ով ազգությամբ հայ է, Քիմ Քարդաշյանի հոր ընկերն է եղել և ԱՄՆ-ի լավագույն փաստաբանների տասնյակի մեջ է: Սերգեյ Գալոյանը փոխանցեց, որ Մարկ Կիրակոսը պաշտպանության ընթացքում նրան 37 ամսվա կալանքի են դատապարտել հաշված նրա կալանքի վերցնելու օրվանից:
Սերգեյ Գալոյանը նաև նշել է, որ Արմեն Ղազարյանը ցանկանում է գալ և զբաղեցնել Դեդ Հասանի տեղը, հավելելով, որ Դեդ Հասանի տեղի համար հիմնական հավակնորդը այսօրվա Շաքրոն է` Զաքարի Քալաշովը, ով դեռ իսպանական բանտում է և ազատ կարձակվի մոտ մեկ ամսից, ինչից հետո «հավաք» կհրավիրվի և կորոշվի, թե ով կփոխարինի Դեդ Հասանին: