
Հրամանատարաշտաբային զորավարժությունը ղեկավարել է Մովսես Հակոբյանը

ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի հրամանատարների ներգրավմամբ, անց է կացվել հրամանատարաշտաբային զորավարժություն, որը ղեկավարել էրԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումներն, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:
Զորավարժության անցկացման նպատակն էր բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, միավորումների ու զորամասերի հրամանատարների և շտաբների ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:
Զորավարժության ժամանակ, որը մեկնարկել է «տագնապ» ազդանշանով, պայմանականորեն խաղարկվել են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պաշտպանողական մարտի նախապատրաստումը, վարումը, վերախմբավորումն ու հարձակման կազմակերպումը: