
Հովիկ Աբրահամյան. «Կարծում եմ՝ մեծամասնությունը դժգոհ չէ Մաքսային միությանն անդամակցելուց»

«Կարեւորն այն է, որ մեր անկախությունը մենք ձեռք ենք բերել միաձայն եւ պարտավոր ենք այդ անկախությունն ամրապնդել, զարգացնել, եւ դա մեզ համար շատ կարեւոր արժեք է»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը չի կիսում այն տեսակետները, թե Մաքսային միությանն անդամակցելը ստվերում է ՀՀ անկախությունը: «Մաքսային միությանն անդամակցելը պայմանավորված է մեր աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր պետության շահերից»,- ասել է ԱԺ նախագահը: Հարցին, թե արդյոք չի՞ մտահոգում այն փաստը, որ անգամ այսօր բողոքի ակցիա կա` ընդդեմ Մաքսային միության, Հովիկ Աբրահամյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Ե՞րբ է եղել մի քայլ, մի համաձայնություն, մի պայմանագիր, որ մեր ազգը եղել է միասնական: Միշտ եղել են այլ մտածելակերպ ունեցող քաղաքացիներ, քաղաքական ուժեր, բայց կարծում եմ՝ մեծամասնությունը դժգոհ չէ այդ միությանն անդամակցելուց»: