Րաֆֆին էլի հրաժարական է պահանջում

«Սեպտեմբերի 21-ը ոչ միայն համազգային տոն է, այլ նաև պատասխանատվություն»,- երեկ Ազատության հրապարակում` Անկախության տոնի նախօրեին կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ելույթը սկսեց` Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի բառերն արտասանելով:

«Այսօր` սեպտեմբերի 21-ի նախաշեմին, մենք եկել ենք տարբեր անկյուններից` գյուղից և քաղաքից, քաղաքական կուսակցություններից և քաղաքացիական նախաձեռնություններիցգ ասելու, որ մեր պետականությունը, որը վաղն իր վերականգան 22-ամյակը կնշի, վտանգի տակ է»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ստեղծել միասնական ճակատ` անկախ քաղաքական և քաղաքացիական պատկանելիությունից, քանի որ, եթե այն չստեղծվի, որևէ մեկն իրենց չի ներելու պետականության կորստի համար. «Մեր միասնությամբ այնպես պիտի անենք, որ ով գնաց կեղծիքի ճանապարհով, ով գողացավ ընտրություններ և ով հանցագործ և հակապետական քայլ կատարեց, հեռանա իր գրաված աթոռից: Անհրաժեշտ է, որ օր առաջ նա, ով կազմակերպեց այդ հանցագործությունը փետրվարի 18-ին, ով նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա հակապետական արձանագրությունները, ով խորացրեց Մադրիդյան հակասահմանադրական սկզբունքները և ով մի քանի շաբաթ առաջ միանձնյա, ստորացված և ստրկացած վիճակում հայտարարեց Հայաստանի ինքնիշխանությունն ուրիշին ենթարկեցնելու մասին, պետք է հեռանա իր աթոռից, ուրիշ ճար չկա»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը Մաքսային միություն մտնելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նույնիսկ անվանեց 1921թ. Մոսկվայի թուրք-բոլշևիկյան ոչ հայանպաստ պայմանագրի ժամանակակից վավերացում: «Ով չմիացավ այս պայքարին, զիջում է մեր ազատությունը և ինքնիշխանությունըգ Ով ճանաչի Հայաստանի շահը, ով ճանաչի Հայաստանի քաղաքացու իրավունքը, մեր ռազմավարական գործընկերն է, բայց թող ոչ մեկը` Արևելքից, թե Արևմուտքից, անկախության այս տոնի նախաշեմին մեզ քարոզ չկարդա և չփորձի մեր անկախությունը մեզնից խլել: Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունը և մեր Սահմանադրությունը ենթարկել որևէ այլ տերության կամ ուժի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի խնդրանքով` հավաքն իր աղոթքով օրհնեց Տեր Գրիգոր քահանան, ով իր հերթին հիշեցրեց, որ անկախությունն ու ազատությունը մեծագույն պարգևներ են` Աստծո կողմից տրված, սակայն նաև ավելացրեց, որ անկախությունը հռչակելը, որը կատարվեց 22 տարի առաջ, բավարար չէ, այն պետք է նաև կերտել ամեն օր:
«Բայց մեկ բան կա, որ խանգարում է այդ կերտումին, ընդհանրապես, մարդկային երջանկությանը մեկ բան է խանգարում, դրա անունը մեղք է, մեղքը հեռացնենք մեր կյանքերից, մեր անձից, մեր ընտանիքից, մեր հավաքականությունից և մենք կլինենք հզոր, անկախ և երջանիկ»,- ասաց Տեր Գրիգորը:

Նշենք, որ հանրահավաքին ելույթ ունեցան տարբեր գործիչներ թե՛ «Ժառանգությունից», թե՛ այլ կուսակցություններից, ինչպես նաև ազատամարտիկների շարժման ղեկավար Խաչիկ Ավետիսյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և այլք: Նրանք բոլորը խոսում էին Հայաստանի անկախության և ինքնիշխանության վտանգված լինելու, ներքին անարդարությունների ու դրանց դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նույնպես Ազատության հրապարակում էր:
«Այսօր նշելով սեպտեմբերի 21-ը` հատկապես պիտի ուշադրություն դարձնենք մի բանի վրա` այդ ինքնորոշման իրավունքը, որ մեկ անգամ կիրառել ենք, այս օրերին մեզ պատկանո՞ւմ է, թե՞ բռնազավթված է: Եթե բռնազավթված է, պետք է դա համարենք մեր գերխնդիրը, եթե մեզ է պատկանում, պիտի մենք լուծենք մեր հարցերը…

Սիրելի բարեկամներ, անկախություն նշանակում է քո ազգային հավաքականությունը բարձրացնել մեկ այլ հարթություն, դարձնել միջազգային իրավունքի ենթակա: Դու կարող ես լինել անկախ պետություն, բայց լինել սովից կոտորվող ազգ, կարող ես լինել անկախ պետություն և բուռն ծաղկում ապրող ազգ: Դա անկախության հետ կապ չունի: Կունենաս արդար իշխանություն` լավ կապրես»,- իր ելույթում մասնավորապես նշեց Պարույր Հայրիկյանը:
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն էլ, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո մամուլում բազում բացահայտումներ է արել Ս. Խաչատրյանի վերաբերյալ, կոչ արեց հոկտեմբերի 3-ին միանալ ազատամարտիկների հանրահավաքին և ստեղծել «Հայաստանի ազատագրության կոմիտե»:

«Բոլոր պատասխանատու և վճռական հայորդիները պարտավոր են ենթարկվել` համախմբվելու, կազմակերպվելու, Ազատության հրապարակը կրկին ազգային բարոյականության օազիսը, հայոց ոգեղեն խոյանքի էպիկենտրոնը դարձնելու և այս հրապարակում բռունցքվելու»,- ասաց Սամվել Հարությունյանը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս