Հանրային խորհուրդը հոկտեմբերի 5-ին հանդիպելու է Տիգրան Սարգսյանի հետ
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի մաս են կազմում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու դրույթները:
Մանուկյանն առաջարկել է նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, կրթական, առողջապահական, քաղաքաշինական ոլորտի խնդիրները:
Հանրային խորհրդի անդամներ Վլադիմիր Մովսիսյանն ու Յուրի Ջավադյանն առաջարկել են քննարկման առարկա դարձնել Թուրքիայի հետ սահմանային ջրերի օգտագործման հարցը: Մովսիսյանի խոսքով` շատ շուտով թուրքերը կկուտակեն սահմանային ջրային ահռելի պաշար, որի դեմ Հայաստանը պետք է հակաքայլեր անի: Նրանց խոսքով` հակաքայլեր իրականացնելու առումով լուրջ հնարավորություններ կան, և իրենք պատրաստ են գործնական առաջարկներ անել, որոնք էլ կներկայացվեն հանդիպման ժամանակ:
ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկել է վարչապետի հյետ հանդիպմանը բարձրացնել նաև Տաղավար տոները ոչ աշխատանքային օրեր դարձնելու, փոխարենը դրանք շաբաթ օրեր տեղափոխելու հարցը` նշելով, որ դա խաթարում է բնականոն աշխատանքային հունը և խնդիրներ առաջացնում թե՛ գործատուների, թե՛ աշխատողնների համար: Նիստի ավարտին Վազգեն Մանուկյանն առաջարկել է բարձրացվող խնդիրներն առավել համակողմանիորեն ուսումնասիրել և մինչ վարչապետի հետ հանդիպմանը ևս մեկ նիստ գումարել` որոշակիացնելու ներկայացվելիք հարցերի շրջանակը:
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյան