
Գագիկ Ծառուկյան. Անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առիթով.
«Սիրելի’ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Անկախության 22-ամյա հոբելյանի կապակցությամբ: Անվիճելի փաստ է, որ անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի գոյատևման, զարգացման ու բարգավաճման կարևորագույն երաշխիքն է: Արդեն 22 տարի մենք վայելում ենք անկախության բերկրանքը, օգտագործում սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու մեզ ընձեռնված հնարավորությունը: Այս տարիների ընթացքում մեր նորանկախ հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն հայի անկոտրում կամքն ու մաքառման ոգին հաղթահարել են բոլոր դժվարությունները: Հայաստանի անկախությունն այն փարոսն է, որի շուրջ համախմբված են աշխարհասփյուռ մեր միլիոնավոր հայրենակիցները, որոնցից յուրաքանչյուրի սրտում արմատավորված է ազգային պետականության գաղափարը:
Անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար: Գնահատենք այս անկախությունը, համախմբվենք այս արժեքի շուրջ և միասնական ջանքերով յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք մեր երկրի, մեր հայրենիքի բարգավաճման գործում: Վստահաբար, միայն այս դեպքում մեր սերունդները կապրեն առավել հզոր և օր-օրի զարգացող Հայաստանում: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»: