
Ում է պատկանում carrefour.am ինտերնետային դոմենը և որքանով է այն վաճառվում

Ինտերնետում երեկ հայտարարություն էր հայտնվել, որում տեղեկացվում էր, որ carrefour.am դոմենային անվանումը վաճառվում է։ carrefour.am դոմենը պատկանում է ինտերնետային կայքերի ստեղծմամբ և առաջխաղացմամբ զբաղվող iLikeit կազմակերպությանը։ 168.am-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության ղեկավար Դավիթ Մանուկյանը հայտնեց, որ դոմենային անվանումը վաճառքի է հանվել սեպտեմբերի 20-ից: «Ճիշտ ասած՝ ստանդարտ գին գոյություն չունի, այսինքն՝ ինչ-որ գին է, այդ գնից սկսած բարձրանում է»,- ասաց նա՝ նշելով, որ դոմենային անվանման վաճառքի գինը սկսվում է 3000 ԱՄՆ դոլարից:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Careefour սուպերմարկետների ցանցը պատրաստվում է խանութ հիմնել նաև Հայաստանում։ Նշյալ դոմենի հավանական գնորդ կարող է լինել հենց Carrefour-ը։