Իշխանությունը խեղդում է ազատությունը. Վահագն Խաչատրյան

22-23 տարի առաջ Հայաստանի Հանրապետության համար ամենակարևորը ազատություն ստանալն էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ գերագույն խնդիրն իսկապես ազատութան ձեռքբերումն էր բոլոր առումներով՝ խոսելու, արտահայտվելու, ընտրելու, իշխանություն ձևավորելու, տեղաշարժվելու, հնարավորոթյուներն օգտագործելու և այլն:

 «Այս ամբողջ ընթացքում մեզ՝ որպես պետություն, գնահատականներ տվել եմ հենց այդ չափանիշից ելնելով, թե ինչքանով է ՀՀ-ում այդ ազատությունը գնահատվում և ինչքանով են գործում նորմերը: Ցավոք, տարիների ընթացքում կորցրեցինք այդ հնարավորությունները և, կարող եմ ասել, ընդհակառակը, մեծ դեֆիցիտ ու կարիք ունենք ազատության, որովհետև կորեցրել ենք ազատ ընտրելու, իշխանություն ձևավորելու իրավունքը, նույնիսկ ազատ խոսելու, արտահայտվելու հնարավորությունների առումով: Մի խոսքով՝ այն, ինչ կար, այն ինչի մասին երազում էինք, ցավոք, այսօր իրականություն չդարձավ, որովհետև գործող իշխանությունն այլ է, այլ չափանիշներով է ապրում, այլ սկզբունքներ ունի, իրեն հարկավոր չեն ազատ մարդիկ, որովհետև ազատ մարդիկ նաև պահաջող են, ազատ մարդկանց նաև թելադրելն ու պարտադրելն անհնար է և այդ պատճառով իրենց հարկավոր են հնազանդ մարդիկ ու այս ամբողջ պետական, իշխանական համակարգը դարձավ ազատությունը խեղդող»,- ասաց Վ.Խաչատրյանը:

 Նրա խոսքով՝ մեզ մոտ ազատության պակասն այսօր արտահայտվոմ է ամեն տեղ՝ տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, առօրյա կյանքում: Վ.Խաչատրյանի գնահատականով, եթե ՀՀ-ն այն ժամանակ ազատության շնորհիվ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցանք՝ պատերազմի հաղթանակ, տնտեսական բարեփոխումներ, այսօր չի կարողանում դիմադրել առկա դժվարություններին. «Հենց այդ ազատության պակասն է, որ կորցրել ենք մեր իմունիտետը, մեր դիմադրողականությունը: Այն ժամանակ երազել կարելի էր՝ դառնալ ՀՀ քաղաքացի, իսկ հիմա մեր երկրի քաղաքացիները հեշտությամբ հրաժարվում են դրանից»:

Տեսանյութեր

Լրահոս