«…Եվ սերժանտա-լիսկայական խավարի վրա` դրոշ եռագույն»
«Հայաստանը դարձրել են ոչ միայն այս բիրտ ռեժիմի ու նրանց բանդաների վայրի կամայականությունների փորձադաշտ, այլև հայ մարդկանց որսատեղի»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը` հիշեցնելով հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին:
Իսկ Հայաստանի անկախության 22 տարիները նա այսպես բնորոշեց. «Այն ժամանակ, երբ մեր ազատամարտիկները մարտնչում էին թվով և զինամթերքով բազմապատիկ անգամ գերազանցող թուրքերի դեմ, երկրի ներսում համախմբվում էր հայոց տականքը, և պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց` մեր տականքը, ինչպես Նժդեհն է ասել, անմրցելի է, օկուպացրեց ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև Արցախը: Ոչ մի օտար` բացառությամբ Լենկ Թեմուրի, այնպես չի կեղեքել, այնպես չի ճնշել հայ ժողովրդին, ինչպես ճնշեցին անկախության 22 տարիների ընթացքում»:
«Բոլոր պատասխանատու և վճռական հայորդիները պարտավոր են ենթարկվել` համախմբվելու, կազմակերպվելու, Ազատության հրապարակը կրկին ազգային բարոյականության օազիսը, հայոց ոգեղեն խոյանքի էպիկենտրոնը դարձնելու և այս հրապարակում բռունցքվելու: Պարտավոր ենք գիտակցել, որ հայրենիքը վտանգի մեջ է, Մայր Հայաստանն է կանչում, բռունցքվելն է փրկությունը Հայաստանի: Բոլորս, մինչև Հայաստանի ու հայության ազատագրումը, որը շատ մոտ է, եթե կամենանք, հոկտեմբերի 3-ին մասնակցում ենք վճռականորեն, հանդուգն կերպով ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին…Մենք պետք է ընտրենք Հայաստանի ազատագրության կոմիտե, որը պետք է առաջնորդի հայոց, ազգային-ազատագրական զուլալ շարժումը»,- հայտարարեց Սամվել Հարությունյանը` իր խոսքերն ավարտելով բանաստեղծությամբ.
«Արյունից ծորաց բոսոր մի կարմիր,
Երկնքից պոկված երիզն մի կապույտ,
Հասուն հասկերի շող նարնջագույն,
Եվ սերժանտա-լիսկայական խավարի վրա`
Դրոշ եռագույն, դրոշ եռագույն»: