Փոխգնդապետն արդարացվել է
pastinfo.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սարգիս Տիտանյանին մեղադրանք էր առաջադրվել՝ սուտ ցուցմունք տալու համար: Ս.Տիտանյանն, ըստ առաջադրված մեղադրանքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում որպես տուժող նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության մասին, տվել է սուտ ցուցմունք:
Տուժողն, ըստ մեղադրանքի, դատարանին հայտնել էր, որ իր և ամբաստանյալների միջև 2011 թվականի օգոստոսի 13-ին N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրեն հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Գ.Թովմասյանը, իսկ Նիկոլաևի և Ազիզյանի կողմից համապատասխանաբար իր նկատմամբ բռնություն գործելու և դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հետ կապված՝ որևէ հստակ գործողություններ կատարելու վերաբերյալ տեղեկություն չէր հայտնել` չհաստատելով վերջիններիս կողմից միջադեպի ընթացքում իրեն հարվածելու հանգամանքը:
Նախաքննական մարմինը նշված քրեական գործով տուժողին մեղադրանք էր առաջադրել՝ սուտ ցուցմունք տալու համար, սակայն առաջադրված մեղադրանքում Սարգիս Տիտանյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ոչ նախաքննության եւ ոչ էլ դատաքննության ընթացքում:
Դատարանը հանգել է այն հետևության, որ Սարգիս Տիտանյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը: Մասնավորապես, քրեական գործով նախաքննության, ինչպես նաև դատաքննության ընթացքում Սարգիս Տիտանյանը որևէ կերպ չի ժխտել Ս.Նիկոլաևի և Է.Ազիզյանի կողմից ևս իրեն հարվածներ հասցնելու հնարավորությունը: Ավելին, բացառել է, որ իր ստացած բոլոր հարվածները կարող էր հասցնել միայն Գոռ Թովմասյանը, ինչպես նաև հստակ կերպով նկարագրել է Ս.Նիկոլաևի և Է.Ազիզյանի կողմից իր վրա հարձակվելու հանգամանքը՝ միաժամանակ նշելով, որ վերջիններիս հարձակումից հետո իր մարմնի վրա զգացել է հարվածների ինտենսիվության ավելացում, այդ թվում` դիմացի ու կողային հատվածներում:
Ըստ դատարանի, Սարգիս Տիտանյանի կողմից տրամադրված տեղեկությունների մեջ տեղ գտած տարբերվող ձևակերպումները չեն կարող գնահատվել՝ որպես ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի իմաստով` իրականությունը խեղաթյուրելու միջոցով սուտ ցուցմունք տալու դրսևորում՝ հենց միայն այն պատճառով, որ այդպիսիք համակցության մեջ չէին կարող նշանակություն ունենալ գործի լուծման համար:
Սեպտեմբերի 12-ի դատավճռով դատարանը ճանաչել և հռչակել է Սարգիս Տիտանյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: