Բաժիններ՝

Վկաները պատմեցին, թե ինչ են տեսել

Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով շարունակվել է դատական նիստը: Առաջինը հարցաքննվել է վկա Մռազ Մստոյանը:

Դատարանը հարցաքննել է նաև տուժող Սիաբանդ Խուդոյանի երկու հարևաններին` ազգությամբ եզդի այր ու կին վկաներ Միշա Նավոյանին ու Փորսոր Թամոյանին:

Վկա Միշա Նավոյանը դատարանին հայտնել է, որ մինչև 3-րդ դասարան է դպրոց գնացել: Ավելի ուշ պարզվել է, որ նախաքննության ժամանակ իր պատմածները գրի առած քննիչի կազմած տեքստն ինքն անձամբ չի կարդացել, այլ պարզապես ստորագրել է. իր հորեղբոր տղան է կարդացել իր համար:

Վկան պատմել է, որ 2013 թվականի հունվարի 6-ի գիշերը կնոջ ձայնից է արթնացել: Պատուհանից տեսել է արագ սլացող մի մեքենա և թե ինչպես է դիմացի հարևանի խոտի դեզի մոտ վառվող կրակը մարում:

Ըստ Իրավաբան.net-ի, նրա ցուցմունքը հակասական է եղել: Սկզբում նշել է, որ դեպքից հետո իր ու ընտանիքի անդամների մոտ վախ չի առաջացել, հետո նշեց, որ վախեցել են, գիշերները լավ չեն քնել, մտածել են, որ հնարավոր է իրենց գույքին էլ որևէ մեկը վնաս հասցնի: Նա նշեց, որ հունվարի 6-ին էլ է խոտի տուկ այրվել. ինքն անձամբ է տեսել: Նաև վառված շուն է տեսել: Մյուս օրերին, երբ հարևան Սիաբանդ Խուդոյանի դեզը կրկին փորձել են վառել, ինքը գյուղում չի եղել, անձամբ ոչինչ չի տեսել:

Վկա Փորսոր Թամոյանը հունվարի 6-ի գիշերը դրսից կրակի բոց է նկատել ու արթնացրել ամուսնուն` Միշա Նավոյանին: Լուսամուտին մոտենալիս` տեսել է, որ մի մեքենա է անցել, ուրիշ ոչինչ չի տեսել:

«Մենք հելանք դուրս, ասացին, որ շների մոտ են կրակ գցել: Ես էլ մոտ չեմ գնացել: Թողել եմ, գնացել տուն»,- ասել է Փորսոր Թամոյանը: Մյուս օրերի մասին, երբ ինչ-որ մարդիկ փորձել են կրկին վառել հարևան Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզը, ինքն անձամբ ոչինչ չի տեսել:

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Լուսանկարը՝ Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս