
Մեղադրանքը չի ընդունել, սակայն արժանացել է մեղմ վերաբերմունքի

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար անհատ ձեռներեց Անգին Հակոբյանը տուգանվել է 400.000 դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ Անգին Հակոբյանը, 2010-2012թթ. յուրաքանչյուր տարի, մատակարարման պայմանագիր կնքելով Արմավիրի մարզի «Ջանֆիդայի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաթունիկ Ամիրջանյանի հետ, պարտավորվել է պայմանագրում նշված ժամկետում մանկապարտեզին մատակարարել անհրաժեշտ սննդամթերք, այդ թվում` նաև կարագ:
Մանկապարտեզի սաների համար նախատեսված կարագի փոխարեն Անգին Հակոբյանը, խախտելով պայմանագրին կից ապրանքների սահմանված գնացուցակը, մատակարարել է խոշոր չափի` ընդհանուր 6999.060 դրամ արժողության 406.700 կգ սփրեդ:
Անգին Հակոբյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանը գտել է, որ ամբաստանյալը նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Դատարանն ամբաստանյալ Անգին Արամի Հակոբյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չի հայտնաբերել:
Ամբաստանյալ Անգին Արամի Հակոբյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 82.440 դրամ գումար՝ որպես փորձաքննությունների վրա ծախսված արժեք: