Դատավորին ներկայացվեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիրը
civilnet.am-ի փոխանցմամբ՝ վերաքննիչ քրեական դատարանում սեպտեմբերի 18-ին շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը: Հայ ազգային կոնգրես ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավոր Եվա Դարբինյանին ներկայացրեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորագրով փոխարինելու միջնորդությունը:
Անձնական երաշխավորագիրն արդեն ստորագրել են 100-ից ավելի քաղաքական գործիչներ, պետական այրեր, արվեստագետներ, պատգամավորներ, ակտիվ քաղաքացիներ:
Երաշխավորագրի գաղափարն առաջարկել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Դրա համաձայն` այն բոլոր մարդիկ, որոնք ստորագրել են դիմումը, երաշխավորում են, որ ազատ արձակվելու դեպքում` Տիգրան Առաքելյանը կցուցաբերի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և այլ դատավարական պարտականությունները կկատարի:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, սեպտեմբերի 18-ի դատական նիստին պետք է ներկայանար երկու վկա, սակայն երկուսն էլ չէին ներկայացել, քանի որ նրանց հետ նախապես չէր հաջողվել կապ հաստատել:
Ի դեպ` Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները ևս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:
Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 5-ից սկսվել է ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝