Բաժիններ՝

ՍԴ-ն ակնկալում է լսել ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցչի պարզաբանումները

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 18-ին բանավոր ընթացակարգով քննության կառնի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումի հիման վրա գործը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

Վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:    Վիճարկվող դրույթով սահմանվում է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

Այս գործը պետք է գրավոր ընթացակարգով քննվեր դեռևս հունիսի 4-ին, սակայն ՍԴ-ն որոշեց հետաձգել գործի դատաքննությունը և այն կազմակերպել բանավոր ընթացակարգով:

Նկատի ունենալով, որ քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ դատական պրակտիկայում տեղ են գտել տարակերպ մեկնաբանություններ՝ ՍԴ-ն գտավ, որ տվյալ հարցի քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում նիստին հրավիրել և լսել ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցչի պարզաբանումները:

ՍԴ-ն որոշեց նաև ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել մեկամսյա ժամկետում ներկայցնել նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի՝ 2006 թվականից հետո քննության առած առանց բացառության բոլոր գործերով ընդունած որոշումների պատճենները:   Գործով զեկուցող ՍԴ անդամ Կիմ Բալայանին էլ ՍԴ-ն որոշեց առաջարկել գործի բանավոր ընթացակարգով դատաքննության նախապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հիմնախնդրի վերաբերյալ ՍԴ-ի որոշումների առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, հունիսի 4-ի նիստում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել էր, որ նոր հանգամանքների հիմքով՝ քրեական և քաղաքացիական գործերով դատական ակտերի վերանայման վերաբերյալ ՀՀ դատական դեպարտամենտի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված փաստաթղթերում առկա են բազմաթիվ տարօրինակ ձևակերպումներ: «Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը և, կներեք արտահայտությանս համար, այսպես կոչված այս մարմինը գտնում են, որ դատարանը նույնիսկ իրավունք ունի նոր հանգամանքի հիմքով դատական ակտը չվերանայել, այսինքն՝ դատական ակտ իրենք հասկանում են դատական ակտի եզրափակիչ մասը»,-ասել էր նա:   ՍԴ նախագահն ընդգծել էր, որ իրենք, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտություն կունենան այդ դիրքորոշումների վերաբերյալ ՍԴ-ի դիրքորոշումն ու որոշակի մոտեցումներ արտահայտել, որպեսզի հստակություն կարողանան մտցնել և «այս թեման փակել»: Նա հավելել էր նաև, որ հակառակ դեպքում հնարավոր չի լինի այնպիսի որոշում կայացնել, որը նոր հանգամանքների հիմքով՝ դատական ակտի վերանայման ինստիտուտի արդյունավետության հարցում կապահովի հստակ տեղաշարժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս