Ռուբեն Սահակյանը վերադառնում է ակտիվ փաստաբանության
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն անցել են առանց խափանումների, առանց կեղծիքների և այլ զարտուղի գործողությունների: Այս մասին ՀՀ ՓՊ հաշվիչ հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյուքների հրապարակումից հետո հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի դեռևս գործող նախագահ Ռուբեն Սահակյանը, տեղեկացնում է pastinfo.am –ն: Ընտրողների առավելագույն ձայներով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրված Արա Զոհրաբյանը իր լիազորությունները կստանձնի հոկտեմբերի 4-ից:
Ռ.Սահակյանը միաժամանակ նշել է, որ ցավում է, որ «որոշակի տհաճ երևույթներ եղան»: Խոսքը երկու փաստաբանների միջև միջադեպի մասին է, որն առաջացել էր անձնական խնդիրների պատճառով և որևէ առնչություն չունի ընտրական գործընթացի հետ: Ռ.Սահակյանը՝ դիմելով իր գործընկերներին, նշեց, որ շատ ուրախ է, որ իր պաշտոնավարությունն ավարտում է: «Համոզված եմ, որ նոր նախագահի գալստյան հետ միայն դրականն է լինելու, ով էլ որ ընտրվեր, նոր լիցք էր լինելու, որովհետև ես արդեն ինչ-որ տեղ սպառել էի, թող ոչ ոք ինձ չմեղադրի, որ ես այդ բառն օգտագործեցի, ես գիտեմ, որ իմ մտերիմները ինձ կնախատեն, կասեն ինչու ասացիր, որոշեցի այդպես ասել»,- ասել է Ռ.Սահակյանը:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Սահակյանը հայտնել է, որ ակտիվ օգտագործելու է մամուլի միջոցները, որպեսզի մարդիկ հիշեն, որ ինքը վերադարձել է ակտիվ փաստաբանական գործունեության և դիմեն իրեն՝ իրենց շահերը ներկայացնելու հարցով: